մը եզերքը մեր ձայները կձգեինք, ողջ երկիրը կմասնակցեր մեր խորին հրճվանքին։ Վարունգով մը կամ լավաշի կտորով մը կրնայինք պատրել մեր անոթությունը, որ կբավեր, որ լուսնկան բարձրանար, որպեսզի մեր սրտերը հնչեին ժնծղաներու պես։ Ու ոչ ոք կհամարձակեր գթալ մեր վրա, մեր ցնցոտիներուն պատճառով, որովհետև մեր երիտասարդությունը կպայթեր վրանիս։ Որքա՜ն հաճախ հանդիսավոր արաբ հարուստներու նայվածքին մեջ կնշմարեինք նախանձի հեռավոր շեշտ մը։ Կյանքին հավիտենական զվարթությունը մեր վրան էր։ Փողոցի պատանի իշխաններ էինք, որոնց վրայեն արհամարհանք կսահեր առանց որևէ հետք ձգելու։
— Խլյակներ,— կմռլտար Արշամ,— մենք որ հասուն պտուղի պես պիտի ճաթինք կարծես մեր երիտասարդութենեն։ Այլևս բացարձակապես մեթալիկ չեմ տար այդ խնամակալներուն ըսած բոլոր իշությանց։ Խեղճ մարդիկ, որ գուցե տունը իրենց կնոջ հանդիմանական հայացքեն տերևի պես կդողան, հավակնությունը ունին մեզ կրթելու: Ի՞նչ կրթություն։ Մեր դպրոցը կյանքն է։ Դժբախտաբար հարկ եղածին չափ զինված չենք՝ մեր կարծիքը ունենալու համար։ Ու դեռ քանի մը տարի պետք պիտի ունենանք իրենց։ Ես իրենց դրամին...
Որքա՜ն առողջ ու գեղեցիկ էր դեմքը այդ պահուն։ Վարի շրթունքը կծկված էր քենի սիրուն արտահայտությամբ մը ու մութին մեջ աչքերը կշողային։ Կարելի չէր, որ մարդ ապագայեն երկնչեր՝ այդ տղուն հետ։
— Պետք չէ բոլորը մեկ ջրով լվալ,— ըսի մեղմորեն։
— Անշուշտ,— հավանեցավ անմիջապես,— օրինակ ընդհանուր հսկիչը, որ հավանաբար մեզի չափ կարհամարհե այդ վնասակար խեղկատակները։ Բայց ան անգամ ստիպված է լռել ու լռությամբ մեղսակից ըլլալ...
Գիշերը ուշ էր, շատ ուշ։ Տանը մեկ անկյունեն ժամացույց մը հնչեց։
— Այս կյանքը մեզի վայել չէ,— հարեց ոտքի ելլելով։
Բայց գիշերը վերստին ծածկեց մեր անհանգիստ հոգիները՝ իր վերարկուին տակ։ Քունը որքան անուշ էր վրաս։