Էջ:White Varsenik.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստեղծած իրական հարստությունը։ Եթե նույնիսկ հետո բաշխե զայն՝ ատով չի կրնար քավել իր մեղքը։ Քանի որ ո՛չ մեկ օրենք իրավունք կրնա տալ իրեն՝ հոգեկան դյուրին գոհացումի մը տիրանալու, ուրիշին ճակատին քրտինքովը։ Հարստությունը լոկ կոչնչացնե մարդուն իրական ներքին հարստությունները, զայն վերածելով խոզի մը, որ անաշխատ կպարարտանա։

բ) Հարստությունը ուժ մըն է, որ համաձայն գործածության եղանակին, կրնա հրաշքներ գործել և կամ անբարոյության մղել մարդը։ Չկա ուժ մը աշխարհի վրա, որ երկսայրի սուրի չնմանի՝ օրինակ էլեկտրականությունը, որ մեկ վայրկյանի մեջ կրնա ածուխի վերածել մարդը և կամ ամբողջ քաղաքներ լուսավորել։ Վերջին ապուշն իսկ կզզա հետևաբար, թե հարստության դերը կախում ունի զայն գործածող ձեռքերեն։ Հարստությունը ձեռք ձգելու եղանակին մեջ իսկ արդեն՝ կհայտնվի մարդը, աստիճանաբար փոխվելով, զորանալով կամ հղփանալով։ Աղքատութենե բարձրացումներ կան, որ մարդուն կպարգևեն երկաթյա նկարագիր մը։ Աղքատությունը բորոտություն է արդեն ու աղքատ մարդը գերին է իր թշվառության։ Ու թերն ու դեմը հաշվելե հետո, լավագույն է հարստության ապականությունը՝ Աղքատության ստրկութենեն։ Ո՛վ որ ուզածը գնելու ազատ հաճույքը չէ ունեցած՝ չի կրնար գիտնալ արդեն հարստության իրական բնույթը։

գ) Հարուստներուն նկարագիրը աննկարագիր ըլլալն է: Ամեն հարուստ իր հարստության նկարագիրը ունի։ Ազատատենչ ու գեղեցկապաշտ մարդը՝ ուրիշ ավելի հիմնական խնդիրներով կրնա զբաղիլ։ Ահա հարցում մը ևս, որ Արշամին խելապատակեն ելած ըլլալու է: Ինծի ի՞նչ հարուստներով չունեցած բարոյականը։ Մեկ առած սիրած եմ կյանքիս մեջ, հետևյալը՝ դրամը ձեռքի աղա է:

Ի՞նչ է կարծիքդ աստծո մասին:

ա) Հարցում չէ ասիկա, այլ թակարդ։ Երբ մանուկ էի, զայն կդիտեի մորս աչքերով ու ան կերևեր որպես աղբյուր ներողամտության ու անապական սիրո։ Երբ մեր դարավոր եկեղեցիին ոսկեշառայլ լույսերուն մեջ, բուրվառին հանած