Jump to content

Էջ:White Varsenik.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարտության, առանց զոհի, առանց խղճի խայթի։ Ո՛վ որ կուզե հաղթել պետք է, որ ընդունի զորավարներուն բարոյականը, այն է առաջ անցնիլ առանց գլուխը ետ դարձնելու։ Հաջողելու առաջին պայմանը հետևաբար՝ շեշտակի նպատակին դիմելն է։ Ու այդ կարելի է հաղթել ու անդրդվելի կամքով մը, որ ոչնչե կտկարանա։ Դժվարությունները ընդհակառակը, կխթանեն հաջողության մեր բուն ծարավը։ Ո՛չ միայն պետք է հաղթելու անողոք կամք մը հայտնաբերել, այլ պետք է նաև, որ այդ կամքը կամակոր ու հետևողական ըլլա, որ խոչընդոտներուն վրայեն ցատկե։ Ո՛չ թե շրջապատի պայմաններն են, որ պետք է ազդեն մարդուն վրա, այլ մարդուն կամքն է, որ պետք է պատշաճեցնե զանոնք իր պայքարին։ Որպեսզի կյանքը ճամփա տա մեր քայլերուն, պետք է, որ հանդգնությունը մեր օրենքը ըլլա։ Այս բոլորը չեն նշանակեր, թե պետք է անտես առնել պատեհ առիթները։ Արդարև, հանդգնության ու հաղթելու կամքին պետք է ընկերանա ճկունությունը։ Վերջին ու լրացուցիչ հատկություն մըն է պաղարյունությունը, որ թույլ կուտա մեզի վտանգի պահուն մեր մտքի հանդարտությունը չկորսնցնել ու հաղթանակի ատեն՝ առավելագույն արդարությունը ցույց տալ։


Իրա՞վ է թե հարստությունը կրնա փոխել մարդուն նկարագիրը:


ա) Ամեն հարստություն նոր տարր մը կավելցնե մարդուն կյանքին մեջ, հետևաբար կրնա փոխել անոր նկարագիրը։ Կենթադրեմ, թե հարցապնդողը կյանքի իրական հարստությանց չակնարկեր, այլ մյուսին՝ դրամի հարստության, որ ոչ թե փոխե, այլ կխաթարե ու կաղարտե մարդուն նկարագիրը, թեև այս հարստության տեր եղողները գրեթե միշտ բարոյական նկարագիր չունին։ Հարստություն շահելու եղանակ մը չկա, որ ազատ ու արդար մարդը կարենա ընդունիլ առանց նվաստանալու։ Հարուստ ըլլալու գուցե ամենեն անմեղ ձևը ժառանգություն ընդունելն է։ Բայց ժառանգությունը ինքը անբարոյություն է։ Վասնզի ի՞նչ է դրամը. Միլիոնավոր մարդոց աշխատանքին ու արտադրության խորհրդանշանը։ Արդ՝ ան որ դրամի կույտ մը կպահե գանձարկղի մը կամ դրամատան մը մեջ, իրողության մեջ, օգտվելով գոյություն ունեցող անբարո օրենքներեն՝ կբռնադրավե ուրիշին