Jump to content

Էջ:White Varsenik.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վայրկյան մը լռությամբ քալեցինք։ Վստահաբար եղրևանի կբուրե, ըսի մտովի ու զմայելիորեն երիտասարդ աղջիկ մըն է բայց ինձ ի՞նչ...

— Այդ ըսել չէի ուզեր,— հարեց ընտանի քաղցրությամբ մը,— Ոչ միայն բնավորությամբ, այլ նաև դեմքով փոխված ես։ Տարիքեդ վեր լրջություն մը կա վրադ։ Մեր ամբողջ խոսակցության ընթացքին բառ մը չարտասանեցիր ու կարծես, թե հաճելի չէր քեզի մեր շատախոսությունը...

Անշուշտ չէի կրնար ըսել, թե հոգիս զեղուն էր անձկությամբ։ Համառությամբ դիտեցի զայն ու անուշ տկարություն մը գրավեց ամբողջ մարմինս։ Ի՞նչ ըրած էի արժանի ըլլալու համար կյանքի այս նոր խաղին։ Մտովի կըսեի.— Ա՞յս է միթե սերը, այս ճոճումն ու վարանքը հոգվույս խորունկ կորովին ու այս անակնկալ տեսիլքին միջև։ Ինչո՞ւ համար այսօր ճամբուս վրա էր այս աղջիկը։ Ու Արշամ չէ՞ր կրնար միթե զիս ազատել այս երկվութենեն։

— Չհարցուցիր նույնիսկ, թե ի՞նչ կընեի, ո՞ւր էի։

— Աներես,— ըսի դողդոջուն,— գիտես որ աքսորի մեջ քաղաքավարության դաս չէին տար մեզի...

— Քաղաքավարության խնդիր չէ,— հարեց վշտահաը,— այլ համակրության...

Կսպասեր գուցե, որ բողոքեի։ Ընդհակառակն, շրթունքներս խածի՝ ավելի տհաճելի խոսք մը չըսելու համար։— Թող ըսածիդ պես ըլլա,— ըսի մտքես։

— Ինչո՞ւ այդպես տրտում ես,— հարցուց վերստին հաշտվաժ,— պատահածը ոչ ոք կրնա փոխել։ Ես ալ ծնողքս կորսնցուցած եմ, բայց ամեն մարդ պետք է հաշտվի իր ցավին հետ։ Կյանքը իր իրավունքները ունի...

— Դո՞ւն ալ հոս հանգիստ մնացողներուն պես կխոսիս,— պատասխանեցի բրտությամբ, չկրնալով զսպել ինքզինքս։ — Ո՛վ որ կրնա հաշտվիլ թո՛ղ հաշտվի։ Ամեն մարդ իր ապրելու եղանակը ունի...

Որքա՛ն տրտում է այժմ իր հայացքը ու դեմքը որքա՜ն հուզիչ։

— Միտքս քեզ վշտացնել չէր,— ըսավ մեղմիվ։

Վերջին խոսքերն էին, որ արտասանեցինք։ Կքալեինք քով քովի, լռելյայն։ Ու ո՛չ ես, ո՛չ ինք ոչինչ կընեինք մյուսնե-