րուն հասնելու համար։ Մեր ճամբուն վրա ծովը իր լույծ տարածությամբը հանդարտորեն կննջեր։ Բարեմիտ անցորդներ մեղսակից ժպտով մը կդիտեին մեր խումբը։ Մերթ ընդ մերթ Արշամ գողունի հայացք մը կձգեր վրանիս։ Կուզեի անհապաղ դպրոց վերադառնալ, քանի որ չէի կրնար խաղաղեցնել հոգվույս ալեկոծությունը։
Օ՜, Արուսյակ, Արուսյակ, կմրմնջեին շրթներս օրն ի բուն ու գիշերն ի բուն անունդ շրթունքներուս վրա է ու ակնարկիդ լույսը դեմքիս վրա։ Մարմինս կդողղոջե անձկութենե ու հոգիս ծարավի է ձայնիդ։ Խանձած արտերու պես կվառիմ ու արյունս կբռնկի սիրուս սաստկութենեն։ Սկիզբը կկարծեի թե՝ խորին գորով մըն է միայն, այլ այժմ գիտեմ, թե սիրով կտոչորիմ։ Սիրտս զանգակի մը պես կհնչե ու ձեռքերս կմսին, մարմնիս դողին պատճառավ։ Չէ՞ր կրնար միթե կյանքը ավելի շռայլ ըլլալ հետս ու քու ներկայությանդ հրճվանքը պարգևեր ինձ։ Ինչպե՞ս պիտի կարենամ տոկալ այս տոչորումին, երբ գարունը ծաղկազարդե արտևաններն ու բլուրները, երբ ձերբազատյալ ջրերը խուժեն անդերն ի վար, երբ երկրին ակոսներուն մեջ ծաղիկները շվայտ ալիքներով բռնկին, երբ աղավնիները կտուց-կտուցի մնջեն։ Հուզումես շնչաբեկ կքալեի ու դեմքիս վրա կզգայի Արմինեի ակնարկին քաղցրությունը։
— Պե՛տք է որ ուրիշ անգամ մը ևս հանդիպինք,— ըսավ մեղմիվ,— գուցե տրամադրությունդ ավելի բարձր ըլլա ու քիչ մը շատախոսես.
— Գրեթե բնավ առանձին դուրս չենք ելլեր,— պատասխանեցի ակամա՝ իրապես հուզված իր ցույց տված գորովեն:
— Ուրեմն ես է, որ քեզ տեսնելու կուգամ, երեկոյան մը- դեմ։
Երբ բաժնվեցանք ու երբ վերջապես մնացինք առանձին փողոցին մեջ, Արշամ ու Զարեհ խելահեղ էին երջանկությամբ։ Իրենց հրճվանքը այնքան մեծ էր, որ չէին նշմարեր անգամ իմ շփոթս։ Երիտասարդ անասուններու պես կպտտեին շուրջս խայտանքի բացականչություններ արձակելով։ Միայն դպրոցին դրան առջև հաջողեցա օձիքս ազատել իրենցմե ու ապաստանեցա անկյուն մը։ Ու մեկեն հոգիս փղձկեցավ և արտասուքի խոշոր կաթիլներ գլորեցան այտերս ի վար։ Հետո ողջ գիշերը չկրցա փակել աչքերս։