Jump to content

Էջ:White Varsenik.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պայթյունը այդ եզերքներուն վրա։ Կարծես, թե կլսեմ սառույցները, որ կճեղքվին ու հեղեղները, որ շառաչելով կվազեն։ Հետո երկչոտորեն կծլին առաջին ծաղիկները, մինչ հույժ ճերմակ աղջիկներ, որոնց դեմքերը կնմանին խոշոր ծաղիկներու, երգելեն կչմշկեն վերջին ձյուներուն վրա։ Անոնց՝ խարտյաշ կամ ցորենագույն, շեկ կամ հարդագույն վարսերուն հյուսքերը կհասնին մինչև իրենց մեջքը ու անոնց երգերը նույնքան մելանուշ են ու նուրբ, որքան Սոլվեկի երգը և Կրիչի Առավոտը, որ նույնպես կերգեր Արուսյակ։ Ահա՛, կանցնիմ Սթոքհոլմի կամ Քրիսթիանիայի փողոցներեն ու ապշահար կդիտեմ այդ ճերմակ էակները, որ գարնան մաքրությունն ու բուրավետ շունչը ունին։ Կրնա՞ ըլլա միթե, որ կյանքը այդքան ջինջ ըլլա մարդկային էակներու վրա։

Օ՜ ճամբաներ, կախարդ ու հեռագնաց երկաթուղիի գծեր, ծովեր որ կերթաք ափեափ՝ յուրաքանչյուր եզերքի վրա ողջունելով նոր գեղեցկություններ ու նոր քաղաքներ, թո՛ղ ձեր հայտնությունը դյուրացնե կարոտս ազատության։ Կուզեի ձեր ակոսներեն ես ևս սահիլ լսելու համար բոլոր սիրո երգերը, որ բոլոր երկիրներու աղջիկները ոսկյա ձայներով կմնջեն, երբ երկիրը կսկսի աճիլ ու ուռիլ գարնան ծածուկ հղության պատճառավ։ Օ՜ ճամբաներ, պողոտաներ, կածաններ ու ծովեր, կրնա՞ ըլլալ, որ օր մը վերստին իմ երիտասարդությանս առջև բացվիր։ Չի՞ բավեր միթե հեծնել կապույտ հովի մը վրա, սուրալու համար դեպի կյանքը, դեպի հավերժաբար գեղեցիկ գարունը։

Օ՜ անծանոթ ճամփաներ, ձեր կարոտով կտոչորիմ ու չեմ կրնար հետին կածանը դիտել, առանց երևակայելու քաղաքները, որ հեռուն են և ուր կյանքը կելլեր ինչպես օվկիանոսը ծովախաղացքի ժամերուն։

Դեկտեմբեր քսանըերեք

Անտարակույս, հոգիս կնախազգար, իր մեկնումեն հետո, այս անխուսափելի վախճանը։

Հոգիս զարնված թռչունի մը պես էր, որ կզգա իր տաք արյունին հոսիլը կուրծքեն։ Ձեռքերս չեն դողար ու հուսահատութենեն չեմ արտասվեր։ Արևին մեջ նստած եմ, այդ նամակը ափիս մեջ ու զարմանքով կդիտեմ երկիրը։ Ավելի