Jump to content

Էջ:White Varsenik.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րուն։ Պիտի գա, պիտի գա գարունը, ցանկապատերուն ու ծառերուն վրա ու պիտի լվա ողջ երկիրը իր զվարթ ջրերով։ Բոլոր անոնց համար, որ հյուրընկալ բազուկներ ունին, գարունը կոգա միշտ, առանց հետին արատի մը՝ իր հավիտենապես գեղեցիկ դեմքին վրա։ Լոկ ես էի, որ չէի ուզեր ըմբռնել, թե կա ուրիշ գարուն մը, որ զվարթ բողբոջումներով կբացվի մեր ներքին ակոսներեն։ Քունքերուս վրա արյանս բաբախյունը չեմ զգար ու շրթունքներս չեն կծկվիր քինոտ դառնությամբ։ Լոկ որոտալի բարկություն մըն է, որ կհասուննա մարմնիս մեջ։ Կըսեմ կարժե՞ր միթե։ Բերանդ բոլոր տառապանքներուն լեղի համը գիտեր, հոգիդ բոլոր տվայտանքներուն անօգուտ գիտությունը։ Պատրանք մը չկար, որմե բուժված չըլլայիր։ Արյունին ու ցեխին մեջեն, բոլոր զրկանքներուն աղբյուրեն կարժե՞ր միթե ազատ ափ ելլել ընդունելու համար կյանքին առաջին սլացքը։ Կըսեմ՝ ոչ մեկ վերք բարի է ու ոչ մեկ վերքի պետք էր ցույց տալ թիկունքդ։ Կարժե՞ր միթե մարմինս պրկել մերժելու համար բոլոր խանդաղատանքները, բոլոր գութերն ու բոլոր կապերը, իյնալու համար կյանքի լարած առաջին որոգայթին մեջ։ Սերը իր դավադիր թևերով գրկած էր քեզ ու դուն կկարծեիր, թե բոլոր պարտեզները պիտի դիմավորեին քայլերդ։ Ծեր ծառի մը բունին ահա կապած է քեզ այժմ, որպեսզի դիտես գարնան գալուստը անդերուն ու մարմանդներուն վրա։

Պիտի գա, պիտի գա գարունը, այդ աղջկան ու իր սիրականին համար։ Երգերը քաղցր ալեկոծություններով պիտի ելլեն ու արտույտներ պիտի թռին, վաղ այգուն, անոնց յուրաքանչյուր քայլերեն։ Ո՛չ, տրտմությունը պիտի չտապալե զիս։ Գլուխս բարձր՝ պիտի երթամ իմ ճակատագրիս, ու ոչ ոք պիտի լսե այլևս շրթներես իր անունը։ Շրթներս պիտի մոռնան իր անունին անուշ համը։

Եթե Արշամին զորեղ մատները ըլլային՝ այս գրիչը բռնողը, այս բոլոր ավելորդ բառերուն փոխարեն, ի՞նչ պիտի գրեին այս էջերուն վրա։ Սարսելով իր լայն ուսերը, ծռելով իր խոշոր գլուխը, Արշամ պիտի մռլտար՝ ճշգրիտ ըլլանք։ Ու մատնեքը առանց ցողալու, պիտի սահեին էջին վրա։ Արուսյակ կգրե, թե գարնան պիտի ամուսնանա, թե իր ապագա ամուսինը ազնիվ ու քաջ տղա մըն է, թե մեծ երջանկությամբ