Jump to content

Էջ:White Varsenik.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մըն է, որ այս լուրը կհաղորդե ինձ ու վստահ է թե պիտի բաժնեմ իր հրճվանքը: Ոչ ոք ուրիշի հետ կրնա բաժնել վիշտն ու հրճվանքը։ Ենթադրենք, թե փակված հաշիվ մըն է. բուռն ճիգով մը ջանանք, որ իրապես այդպես ըլլա։ Ոչ մեկ երիտասարդ պետք է որ անընդհատ գլուխը ետ դարձնե, վշտի հետքեր փնտռելով անցելույն մեջ, այլ անհողդողդ քայլերով պետք է երթա դեպի ապագան։ Պետք է, որ վաղ առավոտ ժպտով դիմավորենք ծագող օրը։ Վասնզի կյանքը գեղեցիկ է:

Արտասուքի կաթիլներեն չէ որ կերկնչիմ միայն, այլ ներքին տկարութենե մը, որ ողնածուծես կբարձրանա, կսեղմվի կոկորդիս մեջ, կողողե կուրծքս։ Ողջ մարմինս սպունգի մը պես, իր հետին խորշերով, լի է այդ տկարությամբ։ Բոլոր բառերը անօգուտ են՝ վասնզի ոչինչ կրնա արտահայտել զիս: Բոլոր խոնջենքներեն, բոլոր հուսահատութեններեն, բոլոր զայրույթներեն անդին եմ։ Ապագան ջնջված է դիմացս ու ժամանակը իր երգը չի հեգեր վրաս։ Մեկ չափ ու մեկ կշիռ ունիմ՝ վերքս, որ կարյունի: Մեկ երգ ու մեկ իմաստություն գիտեմ՝ սերս, որ ընդերքներուս խորեն կաղաղակե, որ շընդունիր կյանքին վճիռը։

Ահա՛ սիրո կրակը, որ բոցավառ լեզուներով կողերս կլզե: Լեզուս կփակչի քիմքիս։ Ծարավե կտոչորիմ, տենդը կլափե արյունս։ Ու ոչ մեկ մայր կրնա խաղաղեցնել ներքին ալեկոծությունս։ Կուզեի դաշտերը ելլել, խորունկ գիշերվան մեջ ու երկրին ու երկնքին պոռալ, թե այս ցավը կկքե ուսերս, թե կյանքին բեռը պիտի տապալե զիս։ Օ՜, քունը թող գար ու զիս ընկղմեր իր լիճին մեջ։ Անդամներս կկոտտան ցավով։ Թո՛ղ գարունը գթա վրաս, թո՛ղ երկիրը հանգչեցնե զիս իր ծոցին մեջ, թող ջրերը ընկլուղեն այս վիրավոր մարմինը։

Դեկտեմբեր քսանըչորս

Անբռնաբարելի դամբանի մը պես փակ են շրթներս։ Բայց մարդկային դեմքը հայելի մը չէ՞ միթե։ Ընկերներս հիվանդ անասուններու պես ողջ օրը դեգերեցան շուրջս։

Զայրույթե դողալով նամակը երկարեցի իրենց ու հետո պատռեցի զայն։ Հայհոյելու, ծխելու, թուղթ խաղալու, գինովնալու ու հետո մեռելի մը պես ննջելու անզսպելի ծարավ