Էջ:White Varsenik.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


յունս կծեծեր կողերս ու կանխահաս երիտասարդությունս կվերստանար իր անձեռնմխելի իրավունքները։ Լոկ երկչոտ պատանի մըն եմ, կըսեի արգահատանքով, մինչդեռ Արշամ լրիվ մարդ մըն է:

Լրիվ մարդ մը, որ գիտե, թե ինչ է հաճույքը։

Կդողայի ու կմրսեի, հակառակ մեղմ երեկոյան։ Ու Զարեհին լռությունը կնեղեր զիս։ Ոչինչ կորսված է, կըսեի մտովի, քանի որ դեռ անվթար է երիտասարդությունս։ Շրթներուս վրա ուրիշ երգեր պիտի ծլին ու գուցե ուրիշ վերքեր պիտի ունենամ։ Սակայն ինչո՞ւ սիրտս կզարնե զանգակի մը պես։

Երբ զիս խոսարան կանչեցին, չենթադրեցի անգամ, թե կրնար Արմինեն ըլլալ։ Անակնկալորեն զայն գտա դիմացս՝ դողդոջուն իր ջինջ գեղեցկոլթյամբը։ Ինձ թվեցավ, թե իր հայացքը դեմքիս վրա ընդունելն իսկ՝ սկիզբ մըն էր դավաճանության։ Գլուխս դարձուցի պատին ու այտերուս վրա զգացի արտասուքի առաջին կայլակները։ Կուզեի հեռանալ, բայց քայլերս չէին հնազանդեր ինձ։ Երբ ձեռքս գորովով սեղմեց իր ափերուն մեջ, ինձ թվեցավ, թե կրնայի բարձրաձայն հեկեկալ։ Ջանացի ժպտիլ արցունքներուս մեջեն։ Ջանացի պատրվակ մը գտնել հեռանալու համար։ Բայց ինչո՞ւ ճիշտ այդ վայրկյանին ակնարկս կառչած մնաց անոր չպակին ու մարմնիս խորը արթնցավ հեռավոր հիշատակ մը։

— Մեր ծանոթության առաջին տարին էր՝ Բերիո մեջ։ Ամրան առաջին տոթերը կխանձեին ողջ քաղաքը։ Կեդրոնի թաղերեն կիրակմուտքի զանգակները սկսած էին հնչել, երբ Արմինեի տիրուհին զիս ու Արշամը կանչեց աշխատելու։ Ամիսներե ի վեր շաբաթ օրը տոն էր ու խրախճանք մեզի համար։ ժամանակեն կանուխ կհասնեինք՝ հևիհև, անձկագին ու տան պատին տակ կերկըննայինք սպասելով, որ մեզ կանչեն։ Գրեթե միշտ Արմինեն էր, որ դուռը կբանար ու նշանացի ներս կհրավիրեր մեզ։ Բայց այդ օրը տեղացի աղախինը չէր եկած ու ինք էր անշուշտ, որ պիտի լվար սալահատակները։ Որքա՜ն զով էր ու իրիկունը որքան հաճելի այդ ներքին բակին մեջ։ Մեզ հազիվ նշմարած, Արմինե շիկնեցավ ու գլուխը անդին դարձուց և այնժամ միայն ես ու Արշամ նկատեցինք, թե փեշը հանգրիճած էր ծունկերեն վեր, ցույց տալով զույգ մը անթերի սրունքներ։ Անխոսուկ անցանք հորին գլուխը, սկսե-