Էջ:White Varsenik.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լու համար մեր աշխատանքին, բայց մեր ակնարկները չէին կրնար հեռացնել իր սրունքներեն ու ծունկերեն: Երեքս ալ կդիտեինք իրար, մինչև որ ան հեղակարծորեն սկսավ արտասվել ու վազելեն նրբանցք փախավ։ Այնժամ միայն զգացինք մեր համառ անփափկանկատությունը ու ամոթապարտ մնացինք։ Համր ու շփոթահար՝ դուռին շուրջ կտնտնայինք, չկրնալով ելք մը գտնել։ Բարեբախտաբար, Արմինե վերադարձավ, ինքն իսկ խնդալով իր անակնկալ լացին վրա։ Սակայն օրերով չկրցանք մոռնալ անոր սիրուն սրունքներուն պատկերը։

Կուզեի վանել այս հիշատակը ու չէի կրնար։ Ափովս սըրբեցի արցունքներս ու լռությամբ դիտեցի զայն։ Որքա՜ն նուրբ էր դեմքը ու որքան հեշտավետ իր մարմնին երիտասարդությունը։ Պիտի կրնայի՞ զսպել հուզումս ու քաղցրությամբ խոսիլ իրեն։ Եթե միայն չհարցներ, թե ինչո՞ւ կարտասվեր։

— Արշամը ո՞ւր է,— հարցուց առանց նայվածքը բարձրացնելու։

— Պարտեզը ըլլալու է,— պատասխանեցի անձկանոք։

Ոչ ինք, ոչ ես կհամարձակեինք բառ մը ավելցնել։ Չէի ուզեր սակայն իր այցելությունը գաղտնի պահել Արշամեն։

— Երթամ կանչեմ,— Ըսի անկեղծորեն,— Զարեհն ալ...

— Տես,— ըսավ, պայուսակը բանալով,— քնզի քանի մը գրքեր բերի։ Եթե կուզես տար դարակդ դիր ու ընդհանուր հսկիչեն արտոնություն ուզե, պզտիկ պտույտ մը ընելու համար։ Իրեն ըսի թե զարմուհիդ եմ...

Մեղսակից ժպիտ մը ծլեցավ շրթունքներուն վրա ու աչքերուն մեջ։

— Իսկ տղա՞քը,— համառեցա անմտորեն։

— Վերադարձիս կտեսնեմ...

Ձայնը ոչ մեկ երկմտություն կմատներ ու աչքերուն մեջ հանցանքի ոչ մեկ նշույլ կար։ Ու որքա՜ն ջինջ էր դեմքը։ Հազիվ հինգ վայրկյան հետո վերադարձա ու զայն գտա փողոցի դրան առջև։ Լռությամբ դարձանք փոքրիկ հրապարակը ու առանց նախամտածության մեր քայլերը ուղղեցինք կեսդաշտային արահետի մը, որ ոլորապտույտ կբարձրանար դեպի մերձակա բլուր մը։ Բարակ հով մը գրկած կտաներ մեզ։