Jump to content

Էջ:White Varsenik.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերադարձանք անհնարին աճապարանքով մը։ Կարծես թե երկյուղահար մանուկներ էինք ու գիշերը կհալածեր մեզ։ Շնչաբեկ կեցանք դպրոցի պատին տակ ու վերստին նայեցանք իրարու։ Եթե քիչ մը ևս կենայի՝ վստահ էի, թե պիտի արտասվեի։ Ուզեցի ձեռքս երկարել, բայց բազուկներս գրկեզին իր ուսերը։ Բերանը կդողդոջեր շրթներուս տակ։ Մա՛յր իմ, կըսեի մտովի, կյանքը սեր է և ուրիշ ոչինչ։ Ծառերը սիրով կբարձրանան ու ցորենները սիրով ոսկի կկապեն։

Մա՛յր իմ, կըսեի անպարագիծ խանդաղատանքով մը, գեղեցկությունը սեր է լոկ ու սիրո վերքն իսկ անուշ է։ Երակներես գարնան ջրեր խոխոջելեն կվազեն ու հոգիս աղբյուրի մը պես կկարկաչե։ Մա՛յր իմ, հանցավոր եմ սիրով, վասնզի մեղքի ծարավով կդողդոջեմ։ Կրնա՞ ըլլալ միթե, որ մարդ իր սերը ուրանա, երբ իր շրթունքները շնորհակալութենե կսարսռան։ Իր բերանին համբույրներովը խաղաղեցավ հոգիս ու ահա՛ կզգամ, թե կրնամ խոյանալ կյանքին վրա՝ գարնան կայքերուն մեջ ազատ արձակված նժույգի մը պես։ Ո՛չ, մանուկ մը չեմ այլևս։ Ձեռքերուս վրա արական հանդգնությունը ադամանդի պես կշողա։ Լոկ սերն է, որ կկեցնե զիս։ Աչքերուն խորը կզգամ կյանքին քաղցր անձնատվությունը։

Որքա՜ն քաղցր է հաղթանակը։ Եթե ձայնս ձգեմ՝ վստահ եմ, թե այն գոռալեն պիտի վազե Վոսփորի յոթը բլուրներուն վրա։ Եթե ազատ արձակեմ ցանկությունս՝ ան կրնա արշավիլ վայրի գազանի մը պես, խորտակելով բոլոր խոչընդոտները։ Ո՛չ, մանուկ մը չեմ այլևս։ Արյունս զվարթությւսմբ քունքերս կծեծե ու բազուկներս երկաթե սեղմումին մեջ՝ կրնամ քաջությամբ պաշտպանել անոր մատղաշ փափկությունը։ Այլևս ոչինչ կրնա տրտմութենե հիվանդ ձգել զիս։ Հաղթանակը ճակտիս վրա կշողա խոշոր, ադամանդակուռ գոհարի մը պես։ Կրնամ հառաջանալ այլևս, առանց ամեն վայրկյան գլուխս ետ դարձնելու, առանց ապաստանելու անցելույն։ Վասնզի կքալեմ սիրո դրոշակը ուսիս։

— Առաջին օրեն գիտեի, թե քեզ կսիրեի,— ըսավ սեղմվելով կուրծքիս,— ու օրերով լացի, երբ իմացա թե աքսորեն վերադարձած ես առանց զիս վերջին անգամ տեսնել ջանալու։

Վերադարձի մրրիկն էր, որ քշած էր մեզ։ Կրնայի՞նք միթե