Էջ:White Varsenik.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քաղաքին վրա։ Ծովուն կողմեն անուշ հով մը դեպի քաղաք կհոսեր։ Կլոր ու մեծ լուսնակ մը, մարդկային հեռավոր դեմքի մը պես կդիտեր երկիրն ու մարդիկը։ Ճամբուն վրա ծառերը զվարթորեն կխշխշային։ Անտարակույս հարսնիքի իրական գիշեր մըն էր, գիշեր մը' ուր ամեն ինչ կշնչե քաղցր ապրելու հրճվանքով մը, գիշեր մը՝ որուն փափուկ թևերուն մեջ արթուն մնալը անփոխարինելի ուրախություն մըն է։

Կտուրի մը տակ զույգ մը ծիծեռնակներ կծլվլային։ Նամակատան քիչ մը խոպան պարտեզին մեջ, թավուտներուն խորն ու ծառերուն վրա, անքուն թռչուններ կրքոտ մեղեդի մը կգեղգեղեին, իրենց ցանկահարույց աղմուկով լցնելով ամբողջ հրապարակը։ Ամիսներե ի վեր երբեք այդքան երջանիկ չէր զգացած ինքզինքը Վարսենիկ։ Հայրը կքալեր շուրջ հիսուն քայլ առջևեն, երկու բարեկամներու հետ, որոնք նույնպես ընտանիքով կերթային հարսնիք։ Մայրը քիչ մը հեռուեն՝ իր հորաքրոջը հետ, իսկ իրենք աղջիկներ ու տղաք շաղակրատելեն կփակեին խումբը։ Քիչ մը հեռուեն ուրիշ խումբի մը աղմուկը կուգաը։ Մնաց որ լուսավոր, թեթև գիշեր մըն էր, կարծես թե դեռ բոլորովին չէր մթնած։

Այծեմնիկի մը պես շնորհալի ու թեթև էր իր երեկույթի բարակ վարդագույն շրջազգեստին մեջ։ Առաջին անգամ ըլլալով հասուն աղջկան հատուկ պարեգոտ մը կարել տված էր մայրը։ Տտունը գրեթե գետնին կքսվեր։ Թևերուն շուրջ ու կուրծքին վրա ժանյակներու փրփուր մը կուռցներ իր գիրդ իրանը։ Կատակով մայրը անուշահոտություն թափած էր վարսերուն վրա ու կուրծքերուն սկզբնավորությունը։ Հետո հոտավետած էր վիզը ու կուշտ մը համբուրած, հմայվելով իր աղվոր աղջկան թարմ գեղեցկությունեն։ Իսկ Վարսենիկ շառագունած էր, հուզված։ Կտոր մը մնացած էր, որ ուրախութենեն արտասվեր։ Գիշերը կարծես զինքը գըկած կտաներ։ Հովը ուրախ շունչերով կպտտեր իր շուրջը ու վզեն ներս կսահեր։ Իր մատղաշ կուրծքերը կզգային անոր զովությունը, հակառակ ադամանդազարդ գոհարեղենին, որով մայրը սեղմած էր վզին բաց մասը։ Ամբողջ անձը եթերային թեթևություն մը կզգար ու գուցե առաջին անգամ ըլլալով իր քաղցը, անդիմադրելի գեղեցկության առթած հպարտությունը։

Քանի մը քայլ առջևեն՝ Արշավիրին հետ կատակելով կեր-