Jump to content

Էջ:White Varsenik.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ծե՛, չափխըն,— պոռաց հայրը ներսեն,— ներս եկուր: Աննիկ,— ավելցուց դառնալով կնոջը,— օր. Հերմինեն չուզեց կոր մեզի հետ ճաղել...

—֊ Ատանկ բան չըլլար, օր. Հերմինե,— ըսավ Աննիկ հանըմ: — Հիմ Արշավիրը կերթա՝ տունը լուը կձգե, որ հոս պիտի մնաք...

Լուսնկան սերկևիլի ծառին գագաթեն կիյնար պատուհանեն ներս։ Պարտեզին ծառերուն վրա թոչունները սկսան իրենց գիշերային համերգին։ Թաթար գլխովը դուռը բացավ ու եկավ կծկվեցավ տիրոջը ոտքերուն առջև։

— Անգամ մը վեր ելիր, Նայե սա աղջիկդ ինչ ունի,— ըսավ Աննիկ հանըմ,— հոնգուր֊հոնգուր կուլա...

— Աղե՛կ, աղե՛կ,—- մռլտաց Հայրապետ աղա,— Սիրանուշը ո՞ւր է...

-—Քրոջդ տունը, գիշերը հոն պիտի կենա... Ո՛չ մայրը, ո՛չ հայրը չհաջողեցան Վարսենիկը վար իջեցնել։ Ի վերջո օր. Հերմինե բարձրացավ ննջասենյակ ու քաղցրությամբ մոտեցավ մահճակալին։ Անձայն նստեցավ քովը ու անոր կիսամերկ իրանը գրկեց ու բարձրացուց։ Ամբողջ դեմքը ողողված էր արտասուքի կաթիլներով ու աղվոր աչքերը պղտորած էին։ Իր ուսուցչուհիին թևերուն մեջ սիրտը ավելի քակվեցավ ու մեծ աղմուկով սկսավ հեծկլտալ։ Կուզեր իր վիշտը ըսել ու թեթևնալ, բայց կրած նվաստությունը այնքան մեծ կթվեր, որ կզգար, թե երբեք չպիտի համարձակի պատահածը պատմել։ Լուսնկան կօծեր իր մերկ ուսերը ու սպիտակ վզին վրա ցոլքեր կդողային։ Ամբողջ մարմնովը կցնցվեր ու չէր համարձակեր օր. Հերմինեի երեսը նայել։ Գլուխը պահեց օր. Հերմինեի կուրծքին վրա ու մեծ ճիգով մը փորձեց լացը զսպել։ Ամեն ինչ քաղցր ու զվարթ էր սենյակին մեջ ու վարեն կլսվեր հորը ձայնը, որ անգամ մը ևս իր կես֊հանդիմանական ու կես֊գորովալի շեշտովը Արշավիրը կսաստեր։

3

Ամիսներե ի վեր հանդիպակաց հայկական թաղը գացած չըլլաքով, հունիսի զով գիշերով իրապես հաճելի կթվեր այդ պզտիկ պտույտը։ Աստղածորան պայծառ երկինք մը կաթ