Jump to content

Էջ:White Varsenik.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որդ Հերմինեն, Վարսենիկը, տնօրենը։ Խըզ կապած ին վրաս, աղբար։ Ես ալ իշտե ասանկ պիտի խորաթիմ,— եզրակացուց սիրուն գլուխը թոթվելով։

Շարժումներուն մեջ համակրելի անձնապաստանություն մը կար ու աչքերը կվառեին արու այծի մը աչքերուն պես, որ կոտոշները տնկած ու ոտքերը խրած հողին՝ չուզեր առաջանալ։ Մեծ մանչու հովեր կառներ արդեն խոսած ատեն։ Մնաց որ, ատենը մը ի վեր, կանխահասություն մը ցույց կուտար, որ կզարմացներ իր ուսուցիչները։

— Ինչո՞ւ համար անցյալ օր պատժված էիր,—հարցուց Զարեհ։

— Ժամուն սոխախը պիլեա կխաղայինք կո, մեկեն բերնես քյուֆուր մը փախավ։ Չըսես քի տնօրենը անտեղեն կանցնի եղեր:«Արշավիր, անմիջապես հոս եկուր» ըսավ։Կեոզլիկնեուն տակեն աչքերը պըճըլպըճըլ կվառեին կո։ «Անգամ մըն ալ այդ խոսքը չլսեմ բերանեդ» ըսավ՝ մատը աչքս խոթելով։ Փեք աղեկ, միսյո, ըսի։ Մեկեն ղզմիշ եղավ։ «Ծո, ստահակ, քանի անգամ ըսած եմ, որ հայերեն կպատասխանեն, տաճկի լակոտ ես, ի՞նչ է» ըսավ։ «Հայերեն «փեք աղեկ, միսյո» չեն ըսեր, «շատ լավ, պարոն» կրսեն»։ Ես ալ ինչ ըսե նե «շատ լավ, պարոն» պիտի ըսեմ։ Ամա տա ղզմիշ պըտ ըլլա հա՜ ...

Կյավուր Տերեսիի աղբյուրը գուռին մեջ կխոխոջեր։ Լուսընկան կտոր֊կտոր կիյնար ջրին վրա ու փշուր-փշուր կըլլար։ Զույգ մը կաղամախիներուն կատարները հովեն կդողային ու կրկին ճյուղերուն մեջ ծածկված թռչուններ գիշերային առաջին լռությունը կխրեին։ Բայց պատուհանե մը՝ երիտասարդ կնոջ մը գլուխը երևաց ու կորովեցավ ու վերջապես հասան հայկական թաղին սահմանները։ Սրճարանները դեռ բաց էին ու խանութներուն առջև փոքրիկ խումբերով երիտասարդներ կաղմկեին։ Խովուշին բաց դռան առջև ոստիկաններ կխոսակցեին թաղին քուլհանպեյիներուն հետ։ Հանդիպակաց կողմե, Ս. Հարություն եկեղեցիին ճամբուն վրա աքասիաներու շարքը մութ կանաչ վարագույրի մը պես կդողար միջոցին մեջ։ Հայրապետ աղա բարեկամի մը հանդիպեցավ ու քանի մը վայրկյան խոսքի բռնվեցավ հետը։ Շուն մը կլափը բացած կհաչեր լուսնկային։