Էջ:White Varsenik.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուրիշ քաղաքի մը, ավելի ընտանի ու մտերիմ գյուղաքաղաքի մը տպավորությունը կձգեր այս թաղը։ Զվարթ, տոնական եռուզեռ մը կար ամեն կողմ։ Մանուկներու խումբեր անդին անգին պապնտիք կամ խայտըրախ կխաղային: Դռներու շեմերուն վրա երիտասարդ ու ծեր կիներ կսպասեին ուշացած տղամարդոց վերադարձին: Ու հանկարծ գինով ծերունի մը անցավ, սրունքներուն վրա դողալով ու խռպոտ ձայնով մը թրքերեն հին երգ մը, Ապտուլ Մեճիտի ժամանակեն մնացած եղանակ մը ծամծմելով։ Սրտառուչ մանկությամբ մը գլուխը կշարժեր, թեզանիքով կսրբեր ճպռոտած ու արտասվալի աչքերը ու մերթ ընդ մերթ իր երգը կպոռար կամ ցած ձայնով կըսեր զայն։ Վարսենիկ լավ կհիշեր այդ երգը, քանի որ Զարեհին հայրը ուրախ եղած ատենը հաճախ կերգեր զայն, մինչ հորաքույրը նեղսրտած կըսեր.

— Ամոթ է պե մարդ, չոճուխներուն առջևը տաճկերեն երգ կերգես այդ տարիքիդ...

Քիչ մնաց, որ գինովը զարնվեր ծառի մը ու իյնար։ Բազուկը նետեց ու գրկեց ծառը։ Նստավ գետինը ու փորձեց գլանիկ մը փաթթել։ Բայց ծխախոտին ոլորը մատներուն մեջեն կսահեր։ Առնվազն տասնհինգ օրե ածիլված չէր անշուշտ, գլուխը ֆես չկար ու գոտին քակվելու վրա էր։ Տեսնելով որ չպիտի կրնա գլանիկը փաթթել՝ միտքը փոխեց ու փորձեց ոտքի ելլել, բայց սրունքները կդողային։ Կճգներ ոտքի կանգնել ու միաժամանակ իր հիմար երգը կմռլտար։

Իսպանանտա պիր գույու վար,
Իչինտե նանե սուեը վար,
Հեր գյուզելին պիր խույր վար,
Նէ յաման անեմ կյուզելի...[1]


Վարսենիկ գաղտնի կդիտեր զայն ու դեպի այդ անկյալ, գինով ծերունին համակրանքի, գրեթե գորովի զգացում մը կծլեր հոգույն խորը։ Ծածուկ ուժ մը զինքը կմղեր դեպի ծերուկը: Կուզեր մոտենալ ու ոտքը հանել զայն ու կզարմա-

  1. Սպահանում կա մի հոր,
    Որի մեջ անանուխի ջուր կա։
    Ամեն մի գեղեցկուհու մեջ մի թերություն կա,
    Ինչպիսի՜ պարսիկ գեղեցկուհիկ է...