Jump to content

Էջ:White Varsenik.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նար, թե ինչպե՞ս մարդիկ կրնային խնդալով անցնիլ քովեն։ Չկրնալով ավելի երկար տոկալ այդ տեսարանին՝ մոտեցավ զարմիկին ու աճապարանքով ըսավ.

— Մեղք է Զարեհ, գնա՛ ոտքի հանե...

Զարեհ երկարորեն նայեցավ իր աչքերուն, որ գիշերվան պատճառով գրեթե սև էին ու թավշյա խորություն մը ունեին։ Որքան գեղեցիկ էր այդ պահուն Վարսենիկ։ Թարթիչներուն եզերքը արցունքի կաթիլներ կային կարծես ու լուսնակի լույսին մեջ, իր վարդագույն ու ծաղկափրփուր շրջագզեստովը, ծաղկած նշենիի մը, Եվրոպայեն եկած գրքերու մեջ գտնվող բարձր դասու բանաստեղծական էակի մը նկարին կնմաներ: Ու ինչ ճերմակ էր, կարծես ամբողջովին ծաղիկե ըլլար, լույսե ըլլար իր աղվոր դեմքը։ Լռությամբ Զարեհ մոտեցավ դինովին ու բարձրացուց, մինչ ծերուկը հանկարծ նկատեց Վարսենիկը ու ամչցավ։ Ու մեկեն վերագտավ կարծես իր հավասարակշռությունը։

— Շնորհակալ եմ, տղաս,— ըսավ կերկեր ձայնով մը։ Դեռ հարսնիքի փողոցը չհասած՝ տոնական աղմուկը եկավ գտավ զիրենք։ Ամեն կողմե հրավիրյալներ կհասնեին: Սահակ աղա թաղին ամենեն հարուստ կալվածատերն էր, հին տիպար մը, որ յոթանասունը անցած դեռ առանց գավազանի կքալեր ու հակառակ տարիքին ամբողջ գործին ղեկավարությունը ափին մեջ կպահեր։ Անհորիզոն արտեր ուներ ու մարգագետիններ՝ քաղաքեն ժամ մը հեռու ու մրգաստաններ, ձմերուկի արտեր, որ մինչև քաղաքին եզերքը կհասնեին։ Հակառակ իր մեծ հարստության չարքաշ գյուղացիի կյանք մը կվարեր ու կթվեր թե տակավին երկար կրնար տոկալ տարիներու ավերին։Բայց եոբ մեկը անփափկանկատությամբ տարիքը հիշեցներ, կատակով կհարեր.

— Մեկ ոտքս գերեզմանն է, ամա, տահա սաղլամ իմ:

Օրթաննան այս ամառ պիտի կարգինք, պզտիկն ալ նշանինք տե՝ Բարձրյալին հետ հիսապնիս հելպեթ տե թեմիզլեմիշ կընինք...

Այդ կըսեր ու ձեռքը կտաներ փոթուռին գրպանը, քթախոտին տուփը կհաներ ու բթամատին և ցուցամատին միջև կսեղմեր պտղունց մը թանկագին փոշիեն ու կերկարեր քթին։ Խորամանկ մարդ մըն էր ու պատմության պես՝ անհատակ