Արևը Գավաք Չեշմեսիի երեք կաղամախիներուն և սոսիին կատարները կպագներ ու աղբյուրին առջև հավաքած տղոց աղմուկը հովին հետ կուգար մինչև կալ։ Թռչուններու փոքր խումբ մը գլխուն վերևի օղը ճեղքելով սահեցավ գնաց ու իրիկնաժամի զանգակին վերջին նոթերը կորսվեցան կալ չհասած՝ Հոռոմ Սրբուկի թութլըխին մեջ։ Կանաչ ու բարակ մարախ մը ցատկեց օդին մեջ, գլխիվայր պտույտ մը ըրավ ու չոր ձայնով մը ինկավ խոտի մը վրա։ Երվանդ ակնարկ մը պտտցնելն հետո նամակին վրա՝ սրտնեղությամբ զայն գրպանեց ու վայրկյան մը մտախոհ կեցավ կամնված կալի մը մոտ։ Վեհափառ խաղաղություն մը կար շուրջը: Աշխատավորները նստած էին նախընթրիքի։ Հեռուեն կլսվեր ջրաղացին նույն միօրինակ ու ընտանի աղմուկը։ Ողջ բնությունը կարծես իր հոգնությունը կառներ, օրվան տապեն հետո։ Հովը փոքր ալիքներով կելլեր, կզարնվեր իրեն ու կերթար կծածկվեր կալերուն տակ։ Ձի մը խրխնջեց երկարորեն ու ինք զգացական հիշողությամբ տեսավ անոր փայլուն ու ճկուն մարմինը, որ մեծ ցունցերով կդողար։ Ո՛չինչ տարականոն ու աննախընթաց էր շուրջը և իրերն ու մարդիկը, բուսականությունն ու անասունները ծածուկ ներդաշնակությամ մը կլրացնեին իրար, կհանգուցվեին իրարու՝ հորինելու համար այդ վեհափառ խաղաղությունը։
Միայն իր հոգվույն խորն էր, որ փոթորիկը խուլ ալիքներով կորոտար...
Իրապես տաճկի գերեզմանատան անհավատ լուսնկա մըն էր և անհավատ բոզի պես կխնդար երեսին։ Փայտե եռաժանին նետեց, հագուստները թոթվեց ու անձայն հեռացավ կայեն։ Իր հասակին շուքր կվազեր առջևեն, կ'երկննար ու կվազեր։ Ու չէր գիտեր, թե շո՞ւքն է, որ զինքը թրքական գերեզմանատան քովեն կտանի, թե քայլերն են, որ շուքը կքշեն։
Կոկորդին մեջ ցորենի ու տաք հարգի համ մը կար ու դեմքին վրա օրվան արևին ու հարդի անձրևին ոսկի փոշին։ Ու հոգվույն խորունկը նո՛ւյն փոթորիկը։ Անորոշ ցավ մը կբանեը կուրծքին տակ անորոշ տեղ մը ու թեև տեղ մը, հեռուն՝ մեկը գիտեր, թե ինչ ցավ է, բայց ինք կուզեր անգիտանալ։ Գարնան սկզբները՝ ճեվելեկին փին առտուն կա֊