Jump to content

Էջ:White Varsenik.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րը սուր ճիչերով կպատռեին գիշերը։ Դաշտի ծոթրինի բարկ բուրում մը զարնվեցան ռունգերուն։ Մորենի մը կքսվեր ուսին։ Արտերուն խորունկեն անտառապահի մը ձայնը քակվեցավ, ծավալեցավ ու փշրվեցավ լռության մեջ:

Կարելի էր այդ սիրո բեռը տանիլ եթե կարելի ըլլար զայն խոստովանիլ։ Ո՛չ, խորամանկ, գեշ ցավ մըն էր, որ երկրորդ գծի վրա կուգար։ Է՛ն անհուսալի անկյուններեն կհայտնվեր ու նենգ վերքերով կխոցեր հոգիդ։ Կքալեր մտածելով վաղը առավոտյան աշխատանքին վրա։ Արդարև իրապես կմտածեր, թե սայլերը ո՞ր արտը պետք է ղըկել, թայց միաժամանակ երկրորդ գծի վրա, իր ընթացիկ ու չնչին հոգերուն ետին, մի՛շտ նույն խուլ դառնությունն էր ու նո՛ւյն քաղցր պատկերը։

Կամաց մը ձեռքը ճակատին տարավ, բնազդաբար թոթափել ուզելով այդ անորոշ անձկությունը։ Լուսնկան այժմ կորսված էր գերեզմանատան նոճիներուն ետին։ Դաշտամուկ մը իր կլոր մարմնով սահելեն կորսվեցավ մացառուտի մը մեջ։ Ու թավուտի մը կիսալույսին մեջ, քանի մը վայրի՛ ծառերու շուքին ներքև հանկարծ նշմարեց սև կերպարանք մը, որ կխլրտեր։ Խորունկ մութ մը կար թավուտին մեջ բարձրահասակ ու խիտ ծառերուն և անբնակ պահնորդի տնակին պատճառով: Կուզեր ճամբան շարունակել կարծելով, թե հիվանդ շուն մըն է, երբ կիսամութին մեջ տեսավ կնոջ ձեռքի նմանող սպիտակ բան մը, որ կշարժեր։ Ու մեկեն հիշեց, որ միայն Գարաճա Ահմետին երիտասարդ այրին կրնար ըլլալ։ Ուրեմն տղոց պատմածները իրավ էին։ Քայլերը մեքենաբար ուղղեց դեպի թավուտը, ինքն իր վրա տատանելով ու դողալով։

Է՛հ, այդ Գարաճա Ահմետը։ Շանզավակը դանակ կխաղցներ, կատակ չէ և ի՛նչպես կխաղցներ, քալած ատենը կուրծքը վահանի պես կցցեր ու ֆեսը որուն ծոպը քայլերուն հետ կխաղար, գեշ խեղկատակությամբ մը կնայեր մարդոց ու կարծես կըսեր,— ինծի ծուռ նայող կա՞ մի... Ինչպե՞ս ըլլար։ Շանզավակը կարիճ ըլլալե զատ քրիստոնյաներն ալ կսիրեր ու հայ քյուլհանպեյիներուն հետ խոսքը մեկ ըրած ըլլալով, ղաչախնիություն ընելե զատ, թաղին հույն առևտրականներն ու հրեա հարուստները սարսափի տակ կպա-