Jump to content

Էջ:White Varsenik.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չհասկացող սիրտ, քսանըչորս տարի ճիկ չհանելեն, եղած տեղը՝ տաճիկ լեպլեպինիի մը պես ծալլապատիկ նստելեն հետո, ոտքի ելած ու ցավագար շան պես լուսնին կհաջես։ «Ծե՛ Երվանդ, գառըս,— կըսեր հայրը,— սանկ շենք-շնորհք մը անես նե, մորդ ըսիմ պըտը քի Աստվամածնին էռջև մոմ մը վառե։ Հիչ չէ նե կենն տելիխանլը ունիք տեյի պեռպյուրլենմիշ կըլլանք...» Ասանկ մեկն էր ամբողջ կյանքի ընթացքին, մեկը, որ ակնարկը կիներուն վրա ձգելու պետքը չի տեսներ ու հանկարծ ահա այս փոթորիկը, որ հոգին ծակ մավունայի մը պես ափե ափ կնետե։

Ծուռ քալես թե շիտակ, մարդոց ցավերուն ու փառասիրություններուն դպելով անցնիս թե խառնվիս առօրյա գուպարին, նո՛ւյն բանն է, քանի որ կյանքի ավազուտքին վրա, ուշ կամ կանուխ կհանդիպիս նույն դարանակալ թշնամիին,— սիրո։

Կարծես թե աչքերուդ մեջ սիրտդ խոլ բոցերով կվառի կամ ճակտիդ վրա գրված է ներսի գաղտնիքդ։ Կամնչնաս մարդու երես նայիլ ու տարօրինակը հո՛ն է, որ թոնո մը քար ալ որ կապես ցավիդ ու եթե քառասուն կանգուն խորունկը ձգես նորեն դուռ դրացին կհասկնան, թե որոգայթը ինկած ես։ Կարելի է միթե վազող ջրին մեջ նայիլ ու պատկերդ չտեսնել, այդպես ալ մարդուս աչքերը, երբ կսիրե։ Սովորական կրակ չէ, որ վրան ջուր ձգես, բարեկենդան չէ՝ որ երեսիդ դիմակ անցնես։ Ստիպված պիտի քալես փողոցեն ու աս ան պիտի զգան հոգվույդ ալեկոծությունը։ Է՛ն գաղտնի, է՛ն թանկագին հուզումներդ կեր պիտի դառնան ասոր անոր։

Անցյալ տարի տակավին սանկ-նանկ աղջնակ մըն էր միայն։ Ու ֆիտանկ մը պես, որ քանի մը տարի հողին կվարժվի ու մեկեն հասակ կնետե ու բողբոջելեն կբացվի, հարս ելլող ծառի մը պես, աղվոր աղջիկ մը եղած էր։ Հարսնիքի գիշերը ո՞վ նայեցավ հարսին որ... Մութ ծառերով անտառներու մեջ հանկարծ կտեսնես, ճերմակ նշենի մը կծաղկի։ Հեռուեն կկարծես, թե անտառը սրտեն զարնված է՝ սպիտակ, ծաղկափրփուր վերքով մը։ Ահա այդ նշենին էր Վարսենիկ։

Գլուխը կախեց ու կեցավ լուսնկայի տակ, ցած ու խորունկ արահետին մեջ։ Տաճիկ գերեզմանատան նոճիներուն սև ստվերը կարծես ճամբան կգոգեր։ Ճիշտ մոտեն ծղրիթնե-