Էջ:White Varsenik.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քի ոսկորներուն պես կցատկեր, այդ գալարուն էգին։ Չամուսնացած՝ քաղաքին մեջ համբավ ձգած էր արդեն՝ իր անդիմադրելի, գրգռիչ ու ապերասան գեղեցկությամբը։ Հայրը կովկասցի չերքեզ մըն էր, իսկ մայրը Մանասթրցի ալպանուհի մը։ Երկուքն ալ մեռած ըլլալով՝ վայրի վարդի մը պես կատաղությամբ մեծցած էր, լոկ հեշտության ու գինարբուքի համար։ Տասնըյոթը տարեկան չկար, երբ փողոցեն անցած ատենը հրդեհ կձգեր՝ փողոցի լակոտեն մինչև ծեր ու հանդիսավոր պաշտոնատարներու սրտերուն մեջ։ Բայց դյուրավ խածնվելիք պտուղ չէր, մարդուս ակռան կառներ։ Մինչև, որ Գարաճա Ահմետ գազանի թաթը նետած էր վրան։ Ինչ շուն, ի՛նչ տաք աղջիկ էր բայց։ Ճեվելեկ Կարպիսին հարցնեիք՝ կըսեր ձեզի։ Ատեն ատեն Գարաճա Ահմետին հետ գիշեր կլուսցնեին։ Տաճիկ էր, բայց մերտ էր քյոփօղլուն ու նամեհրամ ևայլն չէր խաղցներ։ Երբ քիչ մը գինովնային, Այիշե ֆերանեն կնետեր ու իր էգ վագրի անուշ ու գազանային ակնարկովը կխենթեցներ մարդը։ Ու երբ գլուխը Ահմետին զիստին դրած արևելյան յանըխ երգ մը կձգեր՝ ճեվելեկին սիրտը ժամուն զանգակին պես «Տեր-ողորմեա» կզարներ։ Ի՞նչ յաման, այրող, մարդուս սիրտը խոցող ձայն էր, յա սուրբ֊ թագավոր։ Տալդա—տալղա կուգար, կտապալեր քեզ։ Եթե Գարաճա Ահմետին կինը չըլլար՝ մարդ արյուն կթափեր անգամ մը զայն բազուկներուն մեջ սեղմելու ու բերանը հասուն դեղձի մը պես պատռելու համար։

Աշխարհի բաներուն ո՞վ կրնա խելք հասցնել։ Ճեվելեկ Կարպիսին մնացե՞ր է Աստծո գործերուն խառնվիլ, բայց մարդ երբ կմտածե գլուխը եղած քիչ մը կուտն ալ կրնա վրա տալ։ Աղե՛կ, հե՛յ գիտի չըլլալիք Աստված, եթե ատանկ չայի հիմենի պես զվարթ, գայլի պես արագաշարժ, ծիծերը ժամուն կանթեղներուն պես լուսավոր, ուլերու պեն խենթ, արյունը օղիի պես տաք Այիշե մը պիտի ստեղծես, գոնե քանի մը հատը մեկեն շինե։ Մեկը թո՛ղ Գարաճա Ահմետինը ըլլա, բայց հատ մըն ալ ճեվելիկ Կարպիսին պե՞տք է թե չէ։

Երբ սետիրին վրա երկնցած՝ Այիշե իր խումար—խումար աչքերով կնայեր իրեն, ճեվելեկ Կարպիս կրնար օսմանյան դրամատան մասնաճյուղը ավարի տալ, Ռեժիի շենքը օդը հանել, Առաջնորդ Սրբազան Հոր մորուքին քըֆրել, մորը մա-