նետել։ Օր մըն ալ սակայն սկսավ քաղքեն դուրս, դաշտերը ելլել ու դրամի համար իր ուզած տղոցը հետ պառկիլ։ Մնաց որ մինակ չէր այդ ձևի պոռնիկություն ընող, տաճիկ կիներու սովորական եղանակն էր ատիկա։ Միայն թե վայրագությամբ ու մասամբ իր հաճույքին համար կըներ ատիկա։ Ու տեսակ մը սարսափելի ու խորհրդավոր իշխանություն շահած էր ամեն կարգի տղամարդոց վրա, իր ապօրեն ու կատաղի գեղեցկությամբը։ Միայն հյուրընկալ ու անհիշաչար գիշերը կրնար հորի մը վրա ծռիլ ու թվել այն բոլոր քաղքենիներուն անունները, որ Այիշեի երազը իրենց թևերուն մեջ կքնանային։
Ավետարանը միայն կրնա վկայել, թե մեղքը խղճի խայթե ու փուշե անկողին մըն է։ Հարցուցեք մեղանչողներուն անգամ մը։ Թո՛ղ մեղքը Այիշե կոչվի ու տեսե՛ք, թե իր անկողնին վրա գիշերը ի՛նչ բույրեր կհեղու, պարտեզները Խորասանի ի՜նչ վարդեր կցանեն ու երկնից աստղերը ինչպես կհոսին։ Արյան պես ջերմ ու գերեզմանի պես խորունկ էր մեղքը Այիշեին հետ։
Ձեռքերը գրպանները՝ երկարորեն ու հանցավոր զմայլանքով մը դիտեց զայն, մարմանդին վրա կիսով երկնցած այդ վտանգավոր Այիշեն։ Ու խորապես հասկցավ թաղին հայ ու տաճիկ տղող սանձակոտոր կիրքը՝ միշտ շիտակ ճամբե դուրս ապրող այդ հեշտագրգիռ ու անհավատ աղջկան համար։ Կիսալույսին մեջ դեմքը բաց էր ու քիչ մը գունատ, սպիտակ հասմիկներու գույնով։ Իր խոշոր, անուշ ու վայրագ աչքերը ծարիրած էր, հոնքերը ղալեմա քաշած։ Բիբերուն խորը կրակ կար։
Հովը կամար մը բացավ ֆերանեն ու Երվանդ բարակ շապիկին տակեն տեսավ կուրծքերուն խոլ գունդերը։ Արյունը կթնդար երակներուն մեջ ու մարմինը կդողար։ Ու գիշերվան վեհափառ խաղաղությունը կխզվեր միայն ծղրիթներու սուր ճիչով։ Հեռուեն ազատորեն կլսվեր նաև գորտերու կեղերջը։ Մասրենիի թուփ մը թեթևորեն կդողար։
Այիշե կշարունակեր դիտել զինքը ակնարկով մը, ուր ապշությունը, հարգանքն ու հաճությունը պարբերաբար կցոլային։ Կամաց մը շարվեցավ, փորձելով նստիլ ու բնազդաբար ցույց տալով մարմնին ճապուկ իգությունը։ Իր բարակ ֆերանեին տակ երևաց երանքներուն գիրգ կաղապարումը ու