Jump to content

Էջ:White Varsenik.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անուշ ու անորոշ երազին թևերուն մեջ էր դեռ, երբ Հելեն թռվռալեն եկավ գտավ զինքը։

Ու ամեն ինչ խարտյաշ լույսին ու կապույտ մշուշին մեջ թվեցավ հաճելի, տոնական։ Քարափ հասնիլը, մեծ և ծովու պես ալեկոծ քաղաքին աղմուկը, մորաքրոջ և զարմիկներուն բացառապես սիրալիր ընդունելությունը, հանրակառքեըը, որ կսուրային, մեծ վաճառատուներուն ցուցափեղկերը, աճապարող բազմությունները, գետնուղին, ամե՛ն ինչ կթվեր երազային, թեթև, աննկարագրելիորեն հրապուրիչ։ Աչքերը հիացումով կբանար, ընդունելու համար արևելյան մոգիչ քաղաքին կախարդ գեղեցկությունը։ Կարելի՞ է միթե երևակայել հեռուեն Կոստանդնուպոլսո ծածուկ, գրեթե վտանգավոր մոգությունը։ Այն զարտուղի շնորհն ու եզակի դյութանքը, ուր զարմանալի ներդաշնակությամբ մը կխառնվին քանի մը հնօրյա քաղաքակրթություններ։ Հունական վաղեմի Բյուզանդիոնին կից՝ մարդ չի՞ զգար միթե մահմետական ու հայրատ Արևելքը, համառ ու մարտիրոս, իմաստուն ու ապշեցուցիչ Հայաստանի կողքին՝ հանկուցիչ ազատոլթյամբ մը չի՞ թռվռար միթե խառնակ ու հեշտամոլիկ Եվրոպան, իր լվանթեններով։ Ինչպես բիրտ մարդ մը, որ լոկ մանուկ մըն է, անհըպելի գեղեցկության առջև, չի կրնար բացատրել ու հստակորեն զատել շատ հրապուրիչ կնոջ մը հրապույրին տարրերը, բայց կզգա զայն, այդպես ալ Վարսենիկ լիովին հմայված էր Պոլսո նկարագեղ ինքնատպութենեն։ Կարգ մը թաղեցու քիչ շատ եվրոպական բարքերը, կնոջ արդուզարդերը, գիշերային եռուզեռը փողոցներուն մեջ, արվարձաններուն անդորր ու հաճոյամոլիկ գիշերները, Շիրքեթի լուսավոր նավերը, որ կակոսեին Ոսկեղջյուրը, հարյուրավոր մակույկները՝ որ օրվան ամեն ժամուն կտարուբերեին ջրերուն վրա, բազմաթիվ եկեղեցիները, մզկիթներուն անհամար մինարեները իր շուրջը կստեղծեին հեքիաթի կախարդական մթնոլորտ մը։

Առանց լիովին ազատված ըլլալու առաջին օրերու այս հմայքեն՝ ստիպվեցավ ընդունիլ գիշերօթիկ վարժարանին խիստ կարգապահությունն ու բաժնել քիչ մը բիրտ կենցաղը։ Ո՜րքան տաժանելի էին առաջին օրերը։ Ցուրտ ու անհյուրընկալ շենքին մեջ՝ մտերիմ, հաճելի անկյուն մը չկար, ուր մարդ կարենար քիչ մը ուրախություն գտնել։ Հետո աշնան ա-