Jump to content

Էջ:White Varsenik.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կուզեր վերջացնել, բայց քանի կխոսեր՝ այնքան վերջին պահուն բոլոր մտահոգությունները, որ մինչ այդ զանցառելի թված էին, մեծ համեմատություններ կստանային։ Աճապարանքով գլանիկ մը փաթթեց, վառեց ու ավելցուց.

— Ատեն մը Պոլիս ապրելե ետքը քաղքին սովորությունները խոշ պըտը երևան։ Դուն ատոր մի՛ նայիր, աստեղ պատիվ կա, ազնվություն կա, աղջի՛կս, նա՛յե քի բնավ չամչնաս ո՛վ ըլլալեդ, որտեղացի ըլլալեդ։ Հատե նայիմ, բա՛րի ճամփորդություն, գիտցած ըլլաս քի աչքերնիս միշտ ճամփուն պըտը ըլլա...

Խոշոր ձեռքովը իր երեսը շոյեց, ճակտին վրա անգամ մը ևս համբուրեց զինքը ու բազմության մեջ, շարժուն սանդուխն ի վար անհետացավ։ Ու միայն մակույկին մեջ, շոգենավեն քիչ մը հեռու կրկին տեսավ զայն։ Հակառակ տարիքին, լըրջության ու ավելորդ հուզումները չսիրելուն՝ սպիտակ, խոշոր թաշկինակը կշարժեր։

Օ՜, որքան հուզիչ, որքան զարմանալիորեն տրտում բան մըն էր այդ սպիտակ, մեծ, մնաք բարովի այդ անպիտան թաշկինակը։

Լուսածագին արթնցավ շոգենավին ուրախ աղմուկը ականջներուն մեջ։ Աճապարանքով հագվեցավ, արդուզարդը ըրավ, հագավ իր ամենեն սիրուն շըջազգեստը, նայեցավ փոքր հայելիին ու սիրտը թպրտաց ուրախութենեն։ Վազելով կամրջակը ելավ՝ գտնելու համար իրեն ընկերացող տիկինը, որ բազրիքին կրթնած կդիտեր Վոսփորի դալարագեղ եզերքները։

Հովը ցուրտ էր թեև, բայց զվարթ արև մը կար։ Ծովը քիչ մը, թեթևորեն ալեկոծ էր ու խորունկ կապույտ։ Շոգենավին կողերուն վրա փշրվող սպիտակ ալիքներուն հետ արևը կխաղար, թույլ տալով, որ իր շեն ճառագայթները տարտղնին, բազմաթիվ երանգավորումներով։ Շուրջը՝ մարդոց դեմքերուն վրա հասնելու աճապարանքին հետ, տոնական ուրախություն մը կար։ Ամե՛ն կ ողմե զվարթ ձայներ կբարձրանային ու կբախեին իրարու։ Օ՜, շատ քաղցր առավոտ մըն էր, ծովի տարագնաց ու աղվոր կիրակի առավոտ մը ու ինք, գիշերվան իր