Ի՜նչ անակնկալներ պատրաստած էին իրեն համար։ Իր ձննդյան տարեդարձն ալ այդ օրերուն կիյնար ու տան մեծեն մինչև պզտիկը նվերներ գնած էին, օրերով ճգնած՝ որպեսզի իր ճաշակին հարմար բան մը գտնեն։ Հայրը ճամբու ծախսը ղրկած էր ու ասդին անդին ինկած, որպեսզի ծանոթի մը հետ ճամփորդե։ Ու վերջին պահուն լոկ նամակ մը ստացած էին։ Է՛ն հուզիչը սակայն Արշավիրին բարկությունն էր։ Փոխանակ քրոջը գրածին տակ քանի մը տող ավելցնելու, ի՛նչ որ սովորաբար կըներ, էջին հակառակ կողմը խոշոր ձեռք մը նկարած էր ու տակը մեծ տառերով դրած,— ամառը գաս նե, թոխաթ մը պըտը ուտես քի... Հետո սակայն մտածելով, որ ատով իր ամբողջ քենը չէր կրցած հայտնել, ստահակորեն ավելցուցած էր,— ամա չը գաս ալ նե կըլլա, ստամպոլցի մատմաղել։
Անպիտան տղան ի՛նչ արագությամբ կմեծնար։ Անցալ տարի, երբ մեծ արձակուրդին քաղաք գացած էր, հորը հետ մակույկով մը նավ եկած էր զինքը դիմավորելու։ Մակույկավարը եզերքը ձգած էին ու Արշավիրն էր, որ կթիավարեր։ Առաջին ակնարկով քիչ մնաց, որ չի ճանչնար զայն։ Նավաստիի երկար կապույտ տաբատ մը հագած էր, վզին վրա բացված շապիկով մը ու թևերը սոթտած՝ աշխուժությամբ կթիավարեր։ Աչքերը հպարտութենեն ու ուրախութենեն կկայծկլտային ու մեծ տղու հովեր կառներ արդեն։ Այնքան սիրուն էր ստահակը, որ ինք ուզած էր գրկել ու համբուրել, բայց անմիջապես վշտացած էր, տեսնելով անոր դեմքին վրա թեթևորեն ծաղրածու ժպիտ մը ու լսած քիչ մը բիրտ ու կամովին հեգնական ձայնը, որ կըսեր.
— Պապա՛, նայե՛ հելե, մեր ստամպոլցի աղվոր մատմազելին...
Իրեն համար բոլորովին նո՛ր էր այդ հեգնությունը։ Զայն ձգած էր դեռ անհամարձակ, դեռ քիչ մը երկչոտ ու ահա՝ կվերագտներ արական հախուռն հանդգնությամբ մը, մեքենականորեն համբուրած՛ էր զայն, առանց աչքերուն նայելու ու հորը հետ խոսքի բռնված։ Հազիվ նավամատույց հասած Արշավիր վերսկսած էր սակայն, այս անգամ մորը, պզտիկ քրոջը և օր, Հերմինեի ներկայության։ Ընդմիջելով մայրը ու թեթև մը աչքը քթթելով հարած էր.