Էջ:White Varsenik.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ի՜նչպես Յալըի աղի հովին դիմաց կճկեր անոր աղվոր հասակը, վարսերուն մեջ ամրան արևը ի՜նչ թափանցիկ ու հեղուկ լույս մը կհեղուր։ Երկու տարիե ի վեր տառապելով կզգար անոր սլացիկ ու զմայլելի մարմնին ծլարձակումը ու կապշեը հոգվույն խորը բնության զարմանալի կարողությանց, նրբության ու զորության վրա։

Լույսը եթե հոգվույդ խորը՝ անկյուն մը ծվարած չըլլա, ամենեն գողտր էակին գեղեցկությունը, մարմնին գծերը, ակնարկը կկորսվին ամբողջության մեջ։ Երբ աչքերը կքակեր, ո՛չ թե ցուրտ նկար մըն էր, որ կերևար իրեն, այլ բաբախուն, լուսավոր, գարնանային աղջիկ մը՝ որ ստեղծված էր երկիրը զվարթացնելու համար։ Ինչ որ կհիշեր, անթվելի մանրամասնություններ էին, հազիվ նշմարված, հազիվ զգացված, որ այսուհանդերձ կկազմեն հրապուրիչ, զմայլելի էակներու իրական տարբերությունն ու մոգությունը։ Դաստակին վրա, ապարանջանեն քիչ մը վեր, քանի մը մանրանկար սալհատիկներ կային։ Ամեն անգամ որ զանոնք նշմարեր, հպանցիկ ակնարկի մը մեջ, անորոշ հուզում մը կգրավեր մարմինը։ Անոր սիրուն, նուրբ դաստակը կթվեր փխրուն, քնքուշ, դյուրավ կոտրվելիք հրաշալիք մը ու անոր ամբողջ քաղցր ու անհպելի անձին հանդեպ կզգար գորովի և վախի խառն ու անպարփակելի զգացում մը։

Պզտիկ բաներ, մանրամասնություններ արդարև։ Բայց կրնար բացատրել, նկարագրել միթե ժպտած ժամանակ անոր անմեղ ու թարմ բերանին հաճելի կծկումը։ Գիշերը մարդ կրնար երազը տեսնել, լուսավոր դեմքին վրա գծագրված այդ հազիվ զգալի պրկումը ու երազին մեջ իսկ հուզվիլ։ Ո՛չ, կարելի չէր անտարակույս հանդարտությամբ զայն դիտել, երբ կքալեր։ Հոգվույն խորը զայրույթը կմռնչեր, իր մարմնի տկարության համար, բայց երբեք Մարմարան այդ կատաղությամբ չէր կրնար ալեկոծիլ։ Հեշտության ահարկու ալիքներ կզարնվեին մարմնո բո՛լոր զգայուն մասերուն ու մատներեն մինչև ականջներուն ծայրը կդողար, երբ կտեսներ Վարսենիկի հառաջացող, օձահմա մարմինը։

Անտարակույս չըսվելիք, չըլլալիք բաներ կան կյանքի մեջ։ Լոկ անշունչ իրերուն, բույսերուն, անասուններուն կարելի է խոսիլ ծայրագույն ազատությամբ մը։ Ո՞վ կրնա գերագույն