Էջ:White Varsenik.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Վերջին անգամ երբ հեռուեն տեսած էր զայն մյուս թաղի Յալըն, քաղաքը սպիտակ շրջազգեստ մը հագած էր։ Երկու ուրիշ ընկերուհիներու հետ ճամբուն Վրա կշրջագայեր։ Դողահար, ամոթահար, դառնացած՝ երկարորեն դիտած էր զա՛յն, պահվըտած որաներու դեզի մը ետին։ Կարելի՞ բան էր, միթե, որ աղջիկ մը այդքան քնքուշ, այդքան զվարթ ու այդքան կրքահարույց ըլլալ միաժամանակ։ Վարսենիկի շարժումներուն, թիկունքներուն հազիվ զգալի ելևէջին, մարմնին ճկուն оրորումներուն հետ՝ արտակարգ հեշտության ծարավ մը կբարձրանար ու կորոտար իր անդամներուն մեջ։ Քայլերը նետած ատենը զիստին մեկը թեթևորեն շարժելու սովորություն մը ուներ, որ անդիմադրելի կընծայեր անոր երիտասարդ իգությունը։

Կկարծե՞ք, որ լուսանկարը երբևիցե կրնա հարաշարժ, անըմբռնելի, զարմանալիորեն զգայուն գեղեցկության մը նույնիսկ ստվերը տալ։ Լույսը ծածուկ զորությամբ մը եթե լծվարի մարմնիդ խորունկը, անօգուտ ու ծիծաղելի կդառնան լոկ գծերը։ Ուսանողի իր պարզ սենյակին մեջ, անկողնին վրա երկնցած, որքան հաճախ կմոռնար առօրյա կյանքը, ընկղմելու համար հուզումներու խորունկ ու ներքին ծովու մը մեջ։ Աչքերը կփակեր թեթևորեն ու օրվան լույսը կարծես կոպերեն կծորեր ներս։ Ու այդ լույսը քաղքի զվարթ ու խարտյաշ լույսն էր, որ կհամբուրեր յառմա շեվթալիներուն թուշերը, որ խաղողի հատիկներուն թափանցիկ մորթին տակ կհյուսեր իր հյութեղ հյուսկենները, որ իրենց եզներուն ականջներուն ետևը պահված թշվառ միջատներուն անգամ կջամփեր իր անուշ գինին։ Ու այդ նույն աստվածային լույսին ստահակ խաղերն էին, որ անիրական, երազային գեղեցկությամբ մը կօժտեին Վարսենիկը։

Արևը գեշ եղած տարին կարժե՞ միթե խաղող ուտել։ Քաղքցիները գաղափար չունին, թե ինչպե՞ս ողկույզ մը կհասուննա։ Կլոր, հյութեղ, առանձին հատիկի մը վրա, ո՞վ պիտի մտածե, որ ամբողջ տոթ ու անուշ ամառն է աշխատած ու այգիներուն սև ու բարեբեր հողը։ Քաղքին լույսն է, բարակ ու հոտավետ հովը, ծովին շունչն ու արտերուն բուրումներն են, որ աղջիկներուն կուտան հանկուցիչ շնորհ մը։ Գուցե Վարսենիկի հայրն ու մայրն անգամ չէին զգար, թե