Ե՛վ ֆիզիկապես, և՛ հոգեպես Սիաբանդը զինվոր ու մարտիկ էր, նա անվախ էր ու քաջ։ Նա ընտանիքին ու հարազատներին հասցեագրված նամակներում գրում էր. «Մինչև թուրքից չազատենք հայոց հողը, չենք վերադառնա»։ Երբ արդեն մի քան ամիս էր մնացել, որ պատերազմն ավարտվի, Սիաբանդը Մարտակերտի համար մղված մարտերից մեկի ժամանակ զոհվեց, իրենից հետո թողնելով երեք երեխա, ովքեր իրավունք են վաստակել բարձրաձայն ու հպարտորեն ասելու, որ Հայաստան պետության կայացման գործում իր ուրույն ու թանկագին ներդրումն ունի նաև իրենց հայրը։
Սիաբանդե Աջամը թաղվեց նախկին Էջմիածնի տարածաշրջանի Ակնալիճ գյուղի եզդիական գերեզմանոցում։
Չնայած Ազիզ Թամոյանը կարծես զգում էր, որ պատերազմը հաղթականորեն մոտենում էր ավարտին, սակայն չէր թուլացնում համայնքը ոգևորելը, նորանոր ուժեր ու ռեսուրսներ ռազմաճակատ տանելը։ Քանի որ չէր բացառում դեպքերի անսպասելի շրջադարձ:
Բացի նրանից, որ եզդի համայնքի զավակները զոհվեցին մարտի դաշտում, պատերազմական գործողությունների ժամանակ, եղան նաև ողբերգական դեպքեր, երբ մահանում կամ զոհվում էին եզդի ժողովրդի այն զավակները, ովքեր ծառայում էին հայոց նոր-նոր ձևավորվող բանակում, կամ արդեն պատերազմի դաշտից, երկարատև ծանր պատերազմական գործողություններին մասնակցելուց հետո։
ԹԱՄՈՅԱՆ ՌԱԶՄԻԿ
(1976-1995)
Ռազմիկ Թամոյան, ով ծնվել և մեծացել էր նախկին Բաղրամյանի