որոշմամբ և ՀՀ նախագահի հանձնարարությամբ, եզդիների համար դասագրքերի ստեղծման աշխատանքներ են տարվում։ Հիմա հրատարակչության հետ 1-7-րդ դասարանների դասագրքերի վրա ենք աշխատում, որոնք պատրաստ կլինեն մի քանի ամսից։ Դրանից հետո կստեղծվեն 8–10-րդ դասարանների դասագրքերը։ Դա մեզ համար շատ մեծ նվաճում է, քանի որ աշխարհի որևէ այլ երկրում եզդիներին նման հնարավորություն չի ընձեռնվել։ Ասեմ, որ տառերը ռուսական են՝ բացառությամբ 7 լատինական տառերի։ Ինչ վերաբերում է 2005թ. մեր սպասելիքներին, ասեմ, որ արդեն համայն աշխարհին ենք ներկայացնում Մեծ եղեռնի ճանաչման ծրագիրը և ուզում ենք, որ հայերի ցեղասպանությունը ճանաչվելուց բացի, Թուրքիան ճանաչի նաև 500 հազար եզդիների ցեղասպանությունը։ Իսկ ընդհանուր առմամբ, մենք ամեն ինչ անելու ենք հայ-եզդիական բարեկամությունը էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ։
— Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանում հետագայում կստեղծվեն եզդիական միջնակարգ դպրոցներ։
— Ոչ։ Դա մեզ ձեռնտու չէ։ Որովհետև եզդիական դպրոց ավարտածը չի կարող ուսումը շարունակել, համապատասխան աշխատանքի անցնել։ Մեզ պետք է, որ եզդի երեխաները մայրենի լեզվով գրել, կարդալ իմանան։
— Դատելով Ձեր խոսքից, եզդի ժողովուրդը մտադիր է ճանաչել տալ նաև իր ցեղասպանությունը։ Կոնկրետ, ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հայտարարությունից։
— Մեր հույսն այն է, որ Եվրախորհուրդը հաշվի առնի մեր խնդիրը և ուսումնասիրի այն։ Ես հույս ունեմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը անպայման պիտի լուծվի։