Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանք ոչ թե միայն կարդան ու վերհիշեն, այլև՝ ճանաչեն իրենց անցյալը, իրենց նախնիներին ու ժողովրդին, իսկ իրենք էլ իրենց հերթին դաստիարակվեն ու դաստիարակեն հետագա սերունդներին, ինչու չէ, նաև հպարտանան իրենց ժողովրդով ու նախնիներով։

Հաճախ Ազիզ Թամոյանը զարգացնում է այս միտքը.

— Այ, ասում ենք, որ եզդիների ազգային հերոս Ջանգիր Աղայի գլխավորությամբ մեր ժողովրդի հարյուրավոր զավակներ մասնակցել են Սարդարապատի և Բաշ-Ապարանի հերոսամարտերին, ցավոք, գրավոր աղբյուրների բացակայության կամ այդ մասնակցության մասին չգրելու ու չպահպանելու պատճառով, մենք վերոհիշյալ մարտերի մասնակիցներից, ցավոք, հիշում ենք մի քանի հոգու անուն, այն էլ՝ կցկտուր…

Եվ հենց սա էր պատճառներից մեկը, որ Ազիզ Թամոյանը կատարեց դրվատանքի և երախտագիտության արժանի քայլ՝ դիմեց Հայաստանի Հանրապետության բոլոր զինվորական կոմիսարիատներին ու պատկան մարմիններին, որպեսզի վերջիններս գրավոր ու հաստատված ներկայացնեն մեր ժողովրդի այն զավակների անունները, ովքեր մասնակցել են Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանությանը։

Եվ ահա ուզում եմ ներկայացնել այդ փաստաթղթերը, որոնք ստացվել են Աշխարհի և Հայաստանի հանրապետության եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանի հարցումներով ու այսօր մեր ձեռքի տակ են, ու համոզված եմ դրանք ունեն և կունենան պատմական նշանակություն։