Jump to content

Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կից ստեղծվեց ռազմական շտաբ։ Եզդի կամավորականները կռվեցին Արցախյան պատերազմի տարբեր ճակատներում Ստեփանակերտ, Լաչին, Մարտակերտ, Երասխավան, Ոսկեպար և այլն։ Հենց այդ ժամանակ էլ եզդիների ազգային միության նախագահությունն ի նպաստ Արցախյան պատերազմի՝ դրամահավաք-հանգանակություն հայտարարեց։ Հավաքված շուրջ 6 մլն ռուբլին փոխանցվեց ՀՀ իշխանություններին, պատերազմի կարիքները հոգալու համար։

Եզդի փոքրաթիվ ժողովուրդը Արցախյան հերոսամարտում քաջաբար կռվեց և թանկ կորուստներ կրեց։ Երեք տասնյակից ավելի եզդի երիտասարդներ իրենց կյանքը զոհեցին Արցախի անկախության համար, նրանցից երեքը՝ Իսմայիլ Շարոյանը, Թեմուր Զեյդինյանը և Գագիկ Հաջոյանը հանգչում են Եռաբլուրում հայոց քաջերի կողքին։ Եզդի նահատակների թափած արյունը, նրանց քաջագործություններն աննկատ չեն մնացել հայ ժողովրդի կողմից։ Ես շնորհակալ եմ, որ հարգարժան պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հովանավորությամբ մենք կարողացանք այս հերոսների քաջագործությունների մասին պատմող մեր հեղինակած գիրքը՝ «Եզդիները Արցախյան հերոսամարտում», հրատարակել և անմահացնել նրանց վաստակն ու քաջագործությունները։

— Պրն Ա. Թամոյան, շնորհավորում եմ Ձեզ նաև եզդիական այբբենարանի եւ առաջին ու երկրորդ դասարանների եզդիերեն լեզվի ու գրականության դասագրքերի լույս ընծայման կապակցությամբ։ Փաստորեն, Ձեր ժողովուրդն իր դարավոր պատմության միայն այս ժամանակահատվածում, մեր օրերում կարողացավ իր գիրն ու այդ գրով իր գրականությունը ստեղծել։