Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չո՞ւ արդյոք [ինձ] հրամայեցիր, քանի որ ինքդ կարող էիր հրամաններ ընդունել ավելի լավերը [գրելու] համար: Ինչպես թվում է ինձ և քեզ և իմաստասիրությամբ պարապած մարդկանց՝ այս բանը երկնավոր սիրո նշան է և ոչ թե երկրավոր փառասիրության. ինչպես որ հմուտ պատմագիրներից ոմանք ասել էլ են՝ «Միաբանությունը բարի գործերի մայրն է, իսկ անմիաբանությունը՝ չար գործերի ծնողը»:

Այսպես և մենք տեսնելով, որ քո հրամանը անկեղծ սիրուց է [առաջացել], ամենևին չդանդաղեցինք և չվախեցանք՝ մեր տգիտությունը նկատի ունենալով: Որովհետև մեծ բան է անկեղծությունը տկարությանն օգնելու համար, ինչպես աղոթքը՝ գիտության, և մաքուր սերը՝ հասարակաց օգտի համար:

Որ և մենք քո հրամանի հետ ընդունելով՝ հոժարությամբ սկսեցինք այս բանը, որ սիրելիների համար մխիթարություն է, հուսացողներին՝ հույս, քաջերին՝ քաջալերություն, որոնք հոժարակամ հարձակվում են մահվան վրա՝ առաջները տեսնելով հաղթության զորագլխին, որը ոչ ոքի թշնամությամբ չի արհամարհի, այլ բոլորին սովորեցնում է իր անպարտելի ուժը: Եվ ահա՛, ով որ կամենա՝ կընդունվի որպես քաջ զինվոր: Եվ քանի որ նահատակություն բառը բազմանշանակ է, նա էլ բազմապիսի շնորհներ է բաժանում բոլորին, որ և աննենգ սրտի սուրբ սերն ամեն բանից մեծ ենք ճանաչում:

Այս պարզությունը նման է երկնային պարզությանը, և այս էլ քո մեջ տեսնելով՝ մոռացանք մեր բնության [հատկությունները]: Եվ ահա քեզ հետ վեր ենք բարձրանում սավառնելով, և երբ բարձր թռած կանցնենք բոլոր վնասակար մրրկածին օդերից, փոքրիշատե ծծելով վերին անապական օդերից, կստանանք գիտություն մեր անձերի փրկության և ամենահաղթ եկեղեցու փառքի համար: Ուստի և բազմաթիվ սուրբ պաշտոնյաները թող զվարթությամբ կատարեն իրենց պաշտոնն ու ծառայությունը, որպեսզի փառավորվի բոլորիս հայրը, ուր և նրա հետ ցնծա ու բերկրի սուրբ երրորդությունն իր անտառում էության մեջ: