Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս երկու հարյուր ութսունյոթը նահատակները՝ ինը մեծամեծ նախարարների հետ՝ հենց այնտեղ վախճանվեցին։ Եվ թագավորական տնից և Արծրունյաց տնից և մյուս նախարարների տնից, բացի այս երկու հարյուր ութսունյոթ հոգուց՝ [դարձյալ ընկան] էշի յոթ հարյուր քառասուն հոգի, որոնք ամենքն էլ այն օրը մեծ պատերազմում իրենց անունները գրեցին կյանքի մատյանի մեջ։ Եվ այս բոլորը միասին լինում է հազար երեսունևվեց մարդ։

Իսկ ուրացողների կողմից այն օրը ընկան երեք հազար հինգ հարյուր քառասունչորս մարդ։ Նրանցից ինը հոգի խիստ պատվավորներից էին, ուստի, և շատ խոր վշտացավ Մուշկան Նիսալավուրտը։ Մանավանդ երբ տեսավ, որ իր զորքի ստացած սաստիկ հարվածները երեք անգամ ավելի մեծ էին, քան հայերինը, նրա ուժն ու զորությունը կոտրվեց. ընկավ, և նրա սիրտը չէր հանգստանում, որ մտածի ու որոշում անի. որովհետև պատերազմն այնպես չվերջացավ, ինչպես ինքը կարծում էր։ Մանավանդ երբ նայում էր ու տեսնում իր կողմից ընկածների բազմությունը և հաշիվ էլ էր անում ու այնքան շատ էր գտնում իր զորքից ընկածները Հայոց զորքից ընկածների համեմատությամբ, առավել ևս այն երևելի մարդկանց պատճառով, որոնց անուն-անուն ճանաչում էր թագավորը,— այդ մարդը մեծ տագնապի մեջ էր ընկնում։ Դեպքերն արդարությամբ գրել և հայտնել վախենում էր թագավորից. բայց թաքցնել էլ չէր կարող, որովհետև այդպիսի մեծ կռիվը ծածկել չէր լինի։

Եվ մինչդեռ ինքն իրեն այս մտորումների մեջ էր և սրտնեղում էր, ուրացող Վասակը, որ գազանների մեջ թաք կացած ազատել էր իր անձը, սկսեց մխիթարել նրա վհատված միտքը և նենգությամբ նրան զանազան հնարներ էր սովորեցնում, թե ինչպե՛ս կարող է խաբեությամբ կռվել բերդերի դեմ։ Երդումներ էր կնքում թագավորի հրամանով և իր անձի վկայությամբ և այն խաբեբա երեցների միջոցով, որոնք նրա հետ էին. պատգամավոր էր ուղարկում նրանց և այնպես էր ցույց տալիս, թե ապստամբությունը ներված է, և կրկին իրավունք է շնորհված եկեղեցիները շինելու, և բոլոր կար-