Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ԴԱՐՁՅԱԼ, ՀԱՅԵՐԻ ԱՌԱՔԻՆՈԻԹՅՈԻՆԸ

ԵՎ ՎԱՍԱԿԻ ԱՆՕՐԵՆՈԻԹՅՈՒՆԸ

Արդ՝ այն ժամանակ [Վասակը] դարձյալ դրդեց Մուշկան-Նիսալավուրտին և Արյաց բոլոր մեծամեծներին. զորքը հետն առնելով հասավ այն ամրոցը, որտեղ ապաստան էին գտել Հայոց զորքերից մի գունդ սուրբ քահանաների հետ միասին, և սկսեցին պատերազմել բերդի շուրջը։ Բայց երբ ոչինչ չկարողացան անել նրանց, կրկին ապաստանեցին երդումներին, որպեսզի դաշնադրությամբ ցած իջեցնեն նրանց առանց որևէ դավադրության, և երկու-երեք անգամ [նրանց] մոտ ուղարկեցին Ավետարանը։ Թեպետև քահանան երբ համաձայնում էին իջնել ցած և ներկայանալ, բայց զորականներից շատերը չէին կարողանում հավատալ Վասակի սուտ դաշինքին, որովհետև Մուշկան-Նիսալավուրտն սկսեց հետևել Վասակի չարամիտ խրատին։

Հայոց քաջ զորականներից մեկը, Բակ անունով, որ փախչելով ընկել էր բերդը, բարձրանալով պարսպի վրա՝ սկսեց նախատել անօրենին և հիշեցնում էր Պարսից զորագլխի առաջ այն բոլոր չարիքները, որ նա հասցրել էր Հայոց աշխարհին։ Այս բանը շատերը լսելով՝ արդարացնում էին մեղադրանքները ո՛չ միայն Հայերի կողմից, այլ մանավանդ Պարսից զորքը։ Այդ միևնույն մարդը նույն գիշերը ելավ-հեռացավ այն բերդից յոթ հարյուր հոգով, և չկարողացան բռնել նրան։