Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ ովքեր ամրոցի ներսը մնացին, թեպետև ստույգ գիտեին նրանց խաբեբայական երդումները, բայց ներսում պաշար չունեին։ Երբ ակամա ցած իջնելով՝ ներկայացան նրան, հրամայեց նրանցից սպանել երկու հարյուր տասներեք հոգու։ Բոլորն աղաղակեցին և ասացին. «Շնորհակալ ենք քեզանից, մեր տե՛ր աստված. քանի դեռ շեն են եկեղեցիները, և չեն քանդված վկաների մատուռները, և միաբան ու առաքինացած է եկեղեցու սուրբ ուխտը, մեզ արժանի արիր այս երկնավոր կոչումին։ Թո՛ղ մեր մահը հավասարվի քաջ նահատակների մահվանը, և մեր արյունը խառնվի ընկած վիրավորների արյան հետ, և տիրոջը հաճելի լինեն իր եկեղեցիները՝ այն բազմաթիվ կամավոր զոհերով, որոնք բարձրանում են այս սուրբ սեղանի վրա»։ Այս ասելով՝ տեղնուտեղը նահատակվեցին երկու հարյուր տասներեք հոգին։

Իսկ այն ամրոցում գտնված սուրբ քահանաները, այս երանելի Հովսեփն ու Ղևոնդն իրենց բազմաթիվ ընկերներով, նրանք ևս իրենց պարանոցները մեկնեցին դահճապետի սրի առաջ, միևնույն խոսքերն ասելով, ինչ որ այն երկու հարյուր հոդին։ Որովհետև այս երանելիները ո՛չ թե որևէ ակնկալություն ունեին մարմնավոր կյանքի համար, այլ իմաստությամբ հնարք էին փնտրում [զոհվելու] ամբողջ աշխարհի շինության համար։ Ուստի և բողոքեցին արքունիք և ամբողջ մեղքը գցեցին անօրեն Վասակի վրա։ Երբ այս յսեց Մուշկան-Նիսալավուրտը, չհամարձակվեց նրանց մահվան պատիժ տալ. այլ Հովսեփին ու Վևոնդին ծեծել տալով՝ հրամայեցին զգուշությամբ պահել, որովհետև բողոքեցին արքունիք։ Իսկ մյուս քահանաներին արձակեցին ամեն մեկին իր տեղը, հրաման տալով, որ աշխարհը շենացնեն և խաղաղացնեն։

Սակայն հայ մարդիկ, որ լավ հասկացել էին թագավորի և ուրացող չարամիտ Վասակի հեղհեղուկ հրամանները, բոլորովին չհավատացին այդ կեղծ ներմանը, այլ քաջալերում էին միմյանց և ասում. «էլ ինչի՞ է պետք մեզ այս անցավոր աշխարհի կյանքը, և կամ ինչո՞ւ ենք արև տեսնում մեր սիրելիներից հետո։ Որովհետև քանի որ մեր քաջ կտրիճներն