Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ






ԺԱՄԱՆԱԿԸ


Երբ Արշակունյաց ցեղը վերացավ, Հայոց աշխարհին տիրեց պարսիկ Սասանի ցեղը, որ իր իշխանությունը վարում էր մոգերի կրոնի համաձայն և շատ անգամ կռիվ էր մղում նրանց հետ, ովքեր չէին ընդունում նույն կրոնը, սկսելով Տիրանի որդի Արշակ թագավորի օրերից՝ կռվում էր մինչև Վռամշապուհի որդի Հայոց Արտաշես արքայի վեցերորդ տարին։ Եվ երբ սրան էլ զրկեց թագավորությունից, իշխանությունն անցավ Հայոց նախարարներին. որովհետե թեպետ և հարկը Պարսից արքունիքն էր գնում, սակայն Հայոց հեծելազորն ամբողջապես նախարարներն էին առաջնորդում պատերազմի ժամանակ։ Այս պատճառով էլ աստվածապաշտությունը բաց ճակատով ու ինքնիշխան փայլում էր Հայոց աշխարհում, արքայից արքա Շապուհի թագավորության սկզբից մինչև Վռամի որդի արքայից արքա Հազկերտի երկրորդ տարին, որին սատանան իրեն գործակից գտավ, և հավաքված ամբողջ թույնը դուրս թափեց և լցրեց նրան ինչպես թունավորված նետերով լի կապարճ։ Եվ սկսեց հոխորտալ անօրենությամբ, գոռոզանում էր և աղմկելով քամի էր բարձրացնում աշխարհի չորս կողմերը, և մեզ, Քրիստոսի հավատացյալներիս, իրեն թշնամի և հակառակորդ էր ներկայացնում և նեղվում ու տագնապում էր անխաղաղասեր կյանքով։