Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որովհետև նրան շատ սիրելի էր խռովությունն ու արյունհեղությունը, այդ պատճառով էլ ինքն իր մեջ ալեկոծվում էր, թե ո՞ւմ վրա թափեմ դառն թույներս կամ ո՞ւր արձակեմ բազմաթիվ նետերս։ Եվ սաստիկ հիմարության պատճառով ինչպես կատաղի գազան հարձակվեց Հունաց երկրի վրա, հարվածեց մինչև Մծբին քաղաքը և ասպատակ սփռելով՝ ավերեց Հոռոմների շատ գավառներ և հրդեհեց բոլոր եկեղեցիները. ավար ու գերի հավաքեց և ահաբեկեց երկրի ամբողջ զորքը։

Իսկ երանելի Թեոդոս կայսրը, որովհետև խաղաղասեր քրիստոնյա մարդ էր, չկամեցավ նրա դեմ պատերազմի դուրս գալ, այլ Անատոլ անունով մի մարդու, որ Արևելքի նրա սպարապետն էր, շատ գանձերով նրա մոտ ուղարկեց։ Եվ բռնեց ու նրա ձեռքը տվեց այն պարսիկ մարդկանց, որոնք քրիստոնյա լինելու պատճառով փախել էին և գտնվում էին կայսեր քաղաքում: Եվ այն ամենը, ինչ որ ասաց [Հազկերտը] ժամանակին, [Թեոդոսը] կատարեց նրա կամքի համաձայն և իջեցրեց նրա մեծ բարկությունը. և այսպիսով նա վերադարձավ իր քաղաքը՝ Տիղբոն։

Երբ անօրեն իշխանը տեսավ, որ իր չարությունը հաջողվեց, սկսեց մի այլ խորհուրդ էլ մտածել, ինչպես մի մարդ, որ բորբոքված կրակի մեջ շատ վառելափայտ է ավելացնում: Որովհետև որտեղից մի քիչ կասկած ուներ, այնտեղից լիովին ապահովվեց. այդ պատճառով էլ քրիստոնյաների սուրբ ուխտից շատերին խախտեցի մեկին սպառնալի խոսքերով, մյուսին շղթաներով ու տանջանքներով, երրորդին չարաչար մահով սպանելով։ Հափշտակում էր նրանց ստացվածքն ու կալվածքները. և մեծ անարգանքով տանջում էր բոլորին։ Եվ երբ տեսավ, որ ցիրուցան եղան այս ու այն կողմ, խորհրդի կանչեց ձախակողմյան պաշտոնյաներինորոնք կռապաշտության մեջ կաշկանդված էին անքակտելի կապերով, վառված ու կրակ կտրած ինչպես մի հնոց՝ եկեղեցու սուրբ ուխտն այրելու համար։

Որովհետև այդպիսիները հենց իրենց կենդանության ժամանակ բնակվում են ինչպես թանձրամած խավարում, և