Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. Եղիշեն իր պատմությունը գրել է Մամիկոնյան Դավիթ երեցի խնդրով։ Ո՞վ է դա՝ անհայտ է։ Բանասեր Բ. Կյալեսերյան («Եղիշե, Քննական ուսումնասիրություն», Վիեննա, 1909, էջ 79—80) Դավիթ Անհաղթին է ենթադրում, սակայն այդպիսի ենթադրության համար ոչ մի կռվան և փաստի հեռավոր նմանություն չկա, բացի Դավթին «երկրավոր առատ գիտություն վերագրելուց», մի բան, որ չի կարելի Դավիթ Անհաղթի մենաշնորհը համարել։ Միքայել Փորթուգալ փաշան Դավիթ երեցին նույնացնում է Ղազար Փարպեցու կողմից իբրև Արտաշատի ժողովի մասնակից հիշված Դավիթ երեցի հետ։ Այս կարծիքի դեմ է խոսում այն հանգամանքը, որ այս դեպքում Եղիշեն չէր կարող չիմանալ իր մեկենասի Արտաշատի ժողովական շինելը և անշուշտ անունով կհիշեր նրան և ոչ թե կգործածեր «և պատուական երիցունք ի տեղեաց տեղեաց» անորոշ արտահայտությունը։


2. Եղիշեի բնագրի միտքն այստեղ մութն է, և այդ պատճառով էլ Եղիշեի թարգմանիչները այստեղ լոկ ենթադրական, բայց մեծ մասամբ սխալ թարգմանություններ են տվել։ Թվում է ինձ, թե այստեղ Եղիշեն մեծարում է իր մեկենասին՝ ասելով, թե նա այնքան գիտուն անձ է, որ կարող է իր հրամայածից ավելի լավերն արտագրել, և ուրիշները պետք է իրեն դիմեին այդպիսի լավագույն գործերի համար։ Մոտավորապես այս իմաստով էլ թարգմանված է սույն աշխատության մեջ։

3. «Հաղթության զօրագլուխ» ասելով հասկացվում է Քրիստոսը։

4. «Արշակունյաց ցեղը» հայոց թագավորների այն հարստությունն էր, որ Հայաստանում թագավորել է ըստ ավանդության Քր. առաջ 2-րդ դարի կեսերից (հավանորեն 132 թվականից) մինչև 428 թվականը Քրիստոսից հետո, ուրեմն ճիշտ 560 տարի։ Սակայն պատմական ճշգրիտ տե—