Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զորամասն ստվարացրեց՝ մոգերին ու մոգպետին օգնության հասնելու համար։ Եվ ապա սկսեց ասել. «Հապա դու մի թուղթ ուղարկիր Դուռը, որ Աղվանից աշխարհում գտնված տասը հազար այրուձին Հայաստան գա ձմեռն անցկացնելու համար. երբ նրանց մեր ձեռքի տակ ունենանք, էլ ոչ ոք չի կարողանա արհամարհել արքունի հրամանը»։

Մոգպետը պատասխան տվեց և ասաց մարզպանին.

«Այդ խորհուրդը դարձյալ հակառակ է իմ խոսքերին, որովհետև եթե մենք բռնությամբ կռվենք այս երկրի հետ, ապա երկիրը կքանդվի, մենք էլ պատուհասից չենք փրկվի, մեր անձերին վնաս [կլինի] և պետությանն էլ մեծ կորուստ»:

Բայց մարզպանն ամենևին չկամեցավ նրան լսել, որովհետև սրտանց էր ընդունել պարսկական կրոնը։ Այնուհետև սկսեց ոմանց խաբել գույքով, ոմանց՝ հորդորական խոսքերով. բոլոր ռամիկներին էլ ահեղ խոսքերով սպառնալով՝ վախեցնում էր։ Մշտապես շատացրեց սեղանատան մթերքները և երկարացնում էր ուրախության ժամերը, գիշերների երկարատևությունը մաշելով արբեցության երգերով ու լկտի պարերով. ոմանց համար սիրելի էր դարձնում երաժշտական կարգերն ու հեթանոսական երգերը, մեծամեծ գովեստներ էր տալիս թագավորի կրոնին։ Արքունիքից բերել էր նաև շատ դրամ և սրա-նրա գրպանը գաղտնի կաշառք էր խոթում, իբր թե պարգև ու պատիվ է տալիս. և մեծ նենգությամբ անմեղ մարդկանց հրապուրում էր և իր կողմը քաշում։

Իսկ երբ այս ամենը տեսան սուրբ եպիսկոպոսները, էլ ավելի ուժեղ կերպով ամրապնդվեցին իրենց միաբանության մեջ և հնարագետ իմաստությամբ բանակը երկու մասի բաժանեցին։ Մանավանդ երբ հաստատ կերպով իմացան ու հասկացան, որ Սյունյաց անօրեն իշխանն ստացել էր այն փրհասական վերքն իր հոգու մեջ, խորշելով հեռացան և փախան նրանից։

Մի գիշեր ուխտի ամբողջ բազմությունը խորհուրդ կազմեց և զորքերի սպարապետին էլ կանչեցին խորհրդի. հարցրին, քննեցին և տեղեկացան, որ նրա դիտավորությունն անշարժ է և մի փոքր անգամ չի թերացել Քրիստոսի սիրուց։