Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաղթության տոնը խառնել Քրիստոսի Հայտնության սուրբ տոնին, որպեսզի այս մեծ հիշատակը անխափան մնա աստվածային անանց տոնի հետ։

Եվ աստծու այս բոլոր այցելությունները, որոնք մեծապես երևացին Հայոց աշխարհի վրա, սուրբ եպիսկոպոսները դրեցին և ուղարկեցին Հույների երկիրը, մեծ քաղաքը՝ եկեղեցու սուրբ ուխտին, որպեսզի նրանք էլ աղոթք անեն և աստծուց խնդրեն՝ որ ինչպես սկսել ենք, այնպես էլ ավարտենք։

Եվ նախկին բռնված պարսիկներից մեկին [կապանքները] բաց արին ու բերին նախարարների առաջ. նրա հետ խոսում էին և ցույց էին տալիս այն բոլոր վնասները, որ եղան. թե՛ երկրների ավերվելը, թե՛ արքունի զորքերի ջարդվելը և թե՛ այն բաները, որ դեռ պետք է լինեին առաջիկայում։ Եվ երբ այս բոլորը լրիվ հասկացրին նրան, երկու կողմերն էլ թե՛ առաքինիները և թե՛ հետ կացածները՝ միաբանվեցին ու ամբաստանեցին, թե ինչպե՜ս զուր և անտեղի ստիպեց նրանց հայրենի կրոնից հրաժարվել, և ապստամբ Վասակի խաբեությունը, որը թագավորին խաբեց՝ որպես թե հայերը հանձն են առնում մոգությունը, մինչդեռ ոչ ոք նրան խոսք չէր տվել, այլ նա ինքն իրենից քծնելով խաբել էր։

Երբ այս ամենը լիովին հասկացրին, նրան պատգամավոր ուղարկեցին [թագավորի մոտ]՝ եղածն արդարացնելու և հնարքներ գտնելու, որ թերևս կարողանան իրենց եղբայրներին նեղությունից ազատել։

Բայց նրա մոտ անօրեն Վասակի գուժկաններն ավելի առաջ էին հասել, որ պատմեն արքունի զորքի գլխով անցած բոլոր աղետները, և ամբողջ մեղքը գցել էր եկեղեցու սուրբ ուխտի վրա։ Որովհետև անօրենի կամքն հենց այն էր, որ եպիսկոպոսների միաբանությունն անջատի նախարարներից, բայց այն բանը դեռ չէր իմացել, որ բնության մեջ պատահում է, որ հոգին ու մարմինն առժամանակ բաժանվում են միմյանցից, բայց ով որ աստծու սիրով է ուխտ կապեք, այդ բանը չի կարող լինել։

Այդ, այն մարդը գնալով ձմեռոցի տեղը, այս ամենը