Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջը երգելով՝ կատարյալ աղոթքով փառք էին տալիս Սուրբ Երրորդությանը։ Այնտեղ զորավարը խնամքով հոգում-կարգավորում էր զորքի դրությունը առաջապահներով, վերջապահներով ու կողմնապահներով, և երեսուն օրվա մեջ ողջ ու առողջ հասցրեց հայրենի երկրի սահմանները։

Լուր հասավ ուրացյալ Վասակին և նրա հետ եղած իշխաններին Վարդանի զորախմբի արիության ու քաջության մասին Աղվանից աշխարհում, ինչպես նաև հոների միաբանվելու մասին։ Դեռ միմյանց չէին հանդիպել, նա մի գիշերից օգուտ քաղելով՝ փախավ-ընկավ իր երկրի ամբուրները, և այնպիսի տագնապի մեջ հեռացավ, որ Այրարատ գավառից վերցրած գերին ու ավարը, իրն էլ ակամա վրան ավելացրած, թողեց ու փախավ։

Եվ որովհետև ձմեռ ժամանակը վրա էր հասել, և պաշարները թշնամիների գունդն ավարել էր, [Վարդանը] չկարողացավ ամբողջ զորքը մի տեղում պահել ու մատակարարել, այլ սփռեց-տարածեց երկրի զանազան գավառները՝ ձմեռը հանգստանալու համար: Պատվեր տվեց, որ կազմ ու պատրաստ լինեն գարնան պահին։ Եվ ավագ նախարարների խմբից քչերին իրեն գործակից թողնելով ուժեղացավ և գրավեց թագավորանիստ տեղերը։

Եվ գունդագունդ զորք էր ուղարկում Սյունյաց երկիրը, առնում ու ավերում էր շատ գավառներ, և այնպես նեղը լծեց [Վասակին] և նրա հետ եղած ամբողջ զորքին, որ սովի վտանգից անխտիր սատկած էշերի և ձիերի միս էին ուտում: Եվ շատ հարվածներ էր հասցնում ուրացյալին, այնպես որ սուրբ եպիսկոպոսների ժողովն ու քահանայության ամբողջ ուխտը դառն արտասուք էին թափում չարաչար տանջվածների վրա, որովհետև բոբիկ ու ոտքով էին քշում տղամարդկանց ու փափկասուն կանանց և շատ տղաներ քարերին խփելով սպանեցին-գցեցին ճանապարհների վրա:

Երբ աստծու երկյուղածներն այս ամեն հաջողություններն ունեցան, բոլոր եպիսկոպոսներն ու երեցները հրաման արձակեցին ժողովրդին՝ ամբողջ Քաղոց ամիսը պահքով ու աղոթքով խնդրվածք անել աստծուն, և պատերազմների