Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեծների հաստատությամբ, թե «Ամենևին մտքովս չեմ անցկացնի վրեժխնդիր լինել։ Ինչպես առաջները ճշմարտությամբ պահում էիք ձեր կրոնը, այսուհետև ավելի՝ պահեցեք. միայն թե մեր ծառայությունից դուրս մի՛ գաք»։

Այս ամենը գրում և ցույց էր տալիս թե՛ Հայոց երկրին և թե՛ ուրիշ շատ աշխարհների, որոնք քրիստոնեական կրոնին էին հետևում։ Իսկ ինքը ծածուկ խորամանկությամբ շտապով դեսպաններ ուղարկեց Մարկիանոս կայսեր մոտ։ Եվ երբ ստուգեց-իմացավ, որ Հոռոմները հրաժարվել են քրիստոնյաներին օգնական զորքով և որևէ այլ բանով օժանդակելուց, նորից դարձավ իր նախկին մոլար կարծիքին։ Գործերի հաջողությունը վերագրում էր իր պաշտոնյաներին և մտքովն անց էր կացնում, թե առաջվա մտածածի համեմատ կկատարեն ամեն ինչ։

Իսկ հայերը թեպետև ստացան թագավորի խաբեբայական սիրալիր գրությունը, որը երեսանց կյանքի ավետիս էր բերում, իսկ ներսից լի էր մահի դառնությամբ, զարմացած էին նրա թերակատար մտածմունքների վրա և ասում էին միմյանց. «Որքան լիրբ է նա իր խորամանկ խաբեբայությամբ, որ երկու-երեք անգամ փորձ անելով՝ կշտամբվեց և չի ամաչում։ Եվ տեղյակ լինելով մեր անքակտելի միաբանությանը՝ դեռևս լրբանում ու լկտիանում է. հետևներիցս ընկած՝ կամենում է վհատեցնել մեզ։

«Բայց հավատա՞նք նրա հեղհեղուկ հրամանին. նրա ո՞ր բարեգործությունը տեսանք Պարսից աշխարհում գտնված բոլոր եկեղեցիների վերաբերմամբ։ Որովհետև ով որ ինքն իրեն համար չար է, ուրիշի համար չի կարող բարի լինել. և ով որ ինքը խավարի մեջ է շրջում, նա ուրիշին չի կարող ճշմարտության լույսով առաջնորդել։ Ինչպես որ անիրավությունից արդարություն չի լինի, այնպես էլ ստությունից ճշմարտություն չի լինի, նմանապես և խռովասեր մտքից՝ խաղաղության ակնկալություն։

«Բայց մենք, որ փրկված ենք աստծու զորությամբ և հաստատված Քրիստոսի տված հույսի հավատով, որ եկավ և մեր բնությունն ունեցող մարմին առավ սուրբ կույսից և