Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2

Ու քսվում էր անուշ հովը նրա դեմքին,
Համբուրում էր նրան, որպես սիրող մի կին,
Գուրգուրում էր նրան, աներևույթ ու մութ,
Ու կանչում էր դեպի հեռուները կապույտ։
Նա գնում էր թեթև, որպես անփույթ — ուրու
Ու ձգվում էր ուղին դաշտում — հեռո՜ւ, հեռո՜ւ,
Ոլորվում էր անվերջ, որպես անդարձ մի երգ,
Որ դաշտերը թողած, թողած հովիտ ու հերկ,
Սեգ լեռների միջով, ոլորտներով վերին
Խառնվում է հեռու հորիզոնի ծիրին։ —
Ու կանչում էր նրան կարոտակեզ մի ձայն,
Շշուկներով անուշ նա ասում էր նրան․
«․․․Ամեն տագնապ ու հոգս թողած երկրի հողին՝
Քայլի՜ր, քայլի՜ր անվերջ կարոտներիդ ուղին.
Մի կարոտ է հոգիդ, հեռու աստղի մի փայլ —
Փայլի՜ր, քայլի՜ր անվերջ, հավերժասե՜ր եղբայր․․․
Արեգակը, կարմիր, կբարձրանա հիմա
Ու կփռե հովտում կարմիր տագնապ ու մահ,
Խե՛նթ կխնդա վերից՝ տռփասեր ու զազիր —
Քայլի՛ր,քայլի՛ր անվերջ ու լեռները հասիր։
Հովիտներին թողած ամեն տագնապ ու հուշ՝
Տա՜ր լեռների հովին կարոտներդ անուշ,
Որ դաշտերի կարմիր, աղետաբեր մուժում
Չխառնվի հոգիդ ուղիների փոշուն»...
Ու քայլում էր շտապ, սրտում ուրի՜շ մի հուր,.
Հեռանում էր անդարձ ու երգում էր տխուր,
Ու քսվում էր քամին նրա տխուր դեմքին,
Համբուրում էր նրան, որպես սիրող մի կին․․․