Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
3

Իրիկունն էր արդեն փռվել շուրջը նրա,
Երբ նա նստեց ձյունե ճանապարհի վրա:
Ճանապարհը` կապույտ` ոլորվում էր առաջ
Ու լեռնային մաքուր պտույտներով սառած`
Վե՛ր էր ձգվում անվերջ` խորհրդավոր ու մութ`
Ու կորչում էր հեռու երկնքի մեջ կապույտ:
Լո՛ւռ էր շուրջը այնպես: Չկար շշուկ ու ձայն:
Իրիկուն էր, ու զով լռություն էր միայն:
Հովը քսվում էր պաղ նրա հոգնած ուսին
Ու պատմում էր հեռու երկինքների մասին...
Բայց չէր լսում կարծես նա խոսքերը նրա —
Հոգնություն էր իջել նրա հոգու վրա:
Ու թվում էր նրան, որ քայլել է մի դար...
Լո՛ւռ էր շուրջը այնպես, շուրջը ոչ ոք չկար:
Ու թվում էր նրան կյանքը հեռու մի հուշ,
Որ ցնդել է արդեն ու դարձել է մշուշ...
Ցուրտ էր շուրջը այնպես, լուռ էր շուրջը այնքան —
Ու վար նայեց հանկարծ նա աչքերով տարտամ:
— Վարը, որպես հեռո՛ւ, անդարձ կյանքի մի հուշ՝
Տարածվել էր մի նուրբ ու թափանցիկ մշուշ:
Մայր էր մտնում հեռուն արեգակը բոսոր
Ու ժպտում էր կարմիր, հեռավոր ու հզո՛ր...
Ու կարմրածոր վառվող, կարմիր սրտից նրա
Վար էր ծորում` թմրած հովիտների վրա՝
Ջերմ արյունը նրա կաթիլներով հրկեզ —
Ու վառվում էր դաշտում, հրդեհվում էր կարծես:
Ու արյունը նրա իրիկնային մուժում
Խառնվում էր հեռու ուղիների փոշուն...