Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1․ ԽՐԱԽՃԱՆՔ


Ջահերն այնտեղ կասկածոտ
Ակնարկում են ու թարթում
Գիշերային, սակայն տոթ
Հմայքների թակարդում:
Այնտեղ շքեղ ու փարթամ,
Մանեկենի պես կիներ
Ծախում են սուտ խենթության
Թիթեղաձայն ոսկիներ:
Ու մեռելի նման պաղ
Մարդիկ հոգնած ու դեղին
Այնտեղ լցվում են ուրախ
Խենթությունով հրեղեն:
Անցի՜ր մենակ: — Կես մթում,
Ակնարկներով հրակեզ,
Հմայքներով անպատում
Կհմայեն նրանք քեզ:
Նստի՜ր այնտեղ: Թող նրանք
Սրահներում իրենց մութ
Վառեն կարմիր մի կրակ՝
Անհրապույր ու աղոտ:
Անհարազատ թող լինին
Կարոտակեզ քո հոգուն, —