Այս էջը հաստատված է
Ե՛ս եմ հիմա — մի պոետ․ և իմ անունը —
Չարենց —
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:
Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան:
Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի.
Ի՞նչ է ուզում քո հոգին, հազարամյա Նաիրի՛:
Եվ ինչո՞ւ ես դու փռել իմ դեմ քո բույրը բոլոր
Եվ իմ մորմոքը վառել թախիծներով ահավոր:
Եվ ինչո՞ւ է իմ առաջ ելել աղջիկը քո հին՝
Բորբ աչքերով իր կանաչ ու հմայքով իր դեղին:
Ուզում է մե՜րկ լինեմ ես, ու անսփոփ, ու անօգ,
Որպես մեռել մի հրկեզ․ որպես կորած մի մանուկ:
Եվ չարձակած ո՛չ մի նետ՝ անկումների սարսափից,
Ես փախչում եմ ահա ետ — ես նահանջում եմ նորից:
Եվ աչքերս, որոնց դեմ կանգնել է բիլ մի նկար —
Նորի՜ց հառնում են դեպի ամբոխները խելագար
: