Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կգան մեկ-մեկ ու սիրով —ու կտանջես նրանց դու
Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու։

Եվ այնպիսի՜ տարփանքներ նրանք կտան
                                          հիմա քեզ,
Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ։

... Բայց կլինի մի գիշեր — ու հմայքով նայիրյան
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան։

Նորի՜ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի —
Ու սարսափով մի անօդ՝ նորից կելնես դու կռվի։

Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին —
Ոտքի կելնե նրա հետ հազարամյա Նայիրին։

Եվ դաշտերում Նայիրի կպարտվի նորից նա,
Կնահանջե զորքը ետ, երկիրը քեզ կմնա:

Նա կմեռնի, որպես զոհ – բայց չե՛ս հաղթի դու
                                             նրան.
-Դա՛ռն է խորհուրդը սիրո, շամբշոտաշո՛ւրթ
                                        Շամիրամ…