Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԻՇԵՐԱՊԱՀԸ

Ես արթնանում եմ, երբ քնում եք դուք
Եվ գիշերն ամբողջ անխոնջ ու անքուն,
Երբ փողոցներով չի անցնում ոչ-ոք —
Քայլում եմ, քայլում անկյունից-անկյուն։

Քայլում եմ և լուռ մտածում եմ ես,
Որ չունեմ ձեզ պես ոսկիներ, գանձեր,
Բայց գիշերների մենակության մեջ
Ձեր ոսկիների հսկողն եմ դարձել։

Հսկում եմ, հսկում, որ ոչ-ոք չգա
Եվ չգողանա ոսկիները ձեր։
Հանդարտ է շուրջս՝ ձայն, շշուկ չկա.
— Իմ կյանքն էլ, մի՞թե, այսպես չի՞ անցել։

Ես չեմ շտապել առավոտ ծեգին,
Ոսկի չեմ դիզել, չեմ գանձել ոչինչ.
Նայել եմ միայն հեռու աստղերին,
Որ ահա նորից հե՜զ թարթում են ինձ։

Նայում եմ լուսնին։ Հսկում եմ արթուն։
Աշխարհը — անհո՜ւն, աստղազարդ տեսիլ։
Իսկ երբ արթնանաք — կգնամ ես տուն —
Եվ անո՜ւշ, անո՜ւշ կքնեմ ես էլ...