Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԴԱՀԻՃԸ ԿԱՐՄՐԱԶԳԵՍՏ


Դու կդնես քո գլուխը իմ բարձին`
Սև հյուսերդ ջրերի պես թափած վար,
Սրտատրոփ, լուռ կսպասես հարվածին`
Գոհ, անտրտունջ, երազորեն — հոգեվար։

Կիջնի՜, կիջնի՜ իմ հարվածը մահաբեր —
Կո՛ւյր հարվածը կարմիր հագած դահիճի.
Դուրսը քամին կծիծաղի անտարբեր
Ու մութը, չար, կխտանա ու կաճի։

Բայց մեռնելուց առաջ, վերջի՛ն վայրկյանին,
Դու կտեսնես և կժպտաս հպա՛րտ, գոհ, —
Որ դահիճը, այդ կարմրազգեստ վայրենին
Համբարում է ջղաձգվող ձեռքը քո…

1916