Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* *

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը։
Մրսած ու կծկըված՝ դողում է, վայում է։
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը։

Մրսած ու կծկըված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է։
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են՝ աշո՛ւն է...

Աշո՛ւն է, օ, շո՜ւն իմ, աշո՛ւն է, աշո՛ւն է,
Գգվի՜ր, փաթաթվի՜ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը —

Աշունը մշո՛ւշ է, մորմո՛ք է ու մահ...