Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***
Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած,

Լուսազարդ ու թևավոր օրերս հին ու անցած։

Եվ թվում է, թե նոքա կարկաչելով պիտի գան —
Մանուկների նման հուր — օրերս հին ու անցած։

Բայց գալիս են նոքա լո՜ւռ, ու հոգնաբեկ, ու տխուր,
Անցորդների պես մոլոր — օրերս հին ու անցած։

Պանդուխտների նման այն, որ հեռացել են
                                                            վաղուց —
Տուն են դառնում նորից նոր — օրերս հին ու
                                                               անցած։
Եվ նստում են, հոգնաբեկ, ահա սրտիս վրա ծեր
Ու հորանջում են տխուր — օրերս հին ու անցած։

Եվ չեն կանչում ոչ ոքի. մտորում են ու լռում․—
Քn՜ւն են փնտրում ու անդորր — օրերս հին ու
                                                               անցած։

1920